ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը

17:26 • 26.04.14

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում գործադիր մարմնի նիստում կուսակցության նախագահի առաջարկով՝ առաջադրվել, ապա ՀՀԿ խորհրդի նիստի միաձայն հավանությանն է արժանացել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:


«Քննարկեցինք և հավանության արժանացրինք ԱԺ նախագահի մեր թեկնածուի մեր շատ հարգարժան գործընկեր Գալուստ Սահակյանի թեկնածությունը, բոլորս համոզմունք հայտնեցինք, որ իր փորձով, իր գիտելիքներով, պարոն Սահակյանը լավագույնս կարող է ղեկավարել ԱԺ աշխատանքը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

  
Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո երկու թափուր տեղեր էին առաջացել՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության և ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները: Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ առաջին տեղի համար առաջադրված է ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իսկ երկրորդում՝ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
 

Նշենք, որ ավելի վաղ որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու շրջանառվում էր «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը, ով, սակայն, հայտարարեց, որ իր համար պաշտոնը ինքնանպատակ չէ և չի եղել, ուստի որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում:


Ի պատասխան Հարցին, թե ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Գալուստ Սահակյանի վրա և ինչո՞ւ էր նա անընդհատ հերքում դա, ՀՀԿ խոսնակն ասաց. «Շատ լավ էր անում, որ հերքում էր, որովհետև քանի դեռ կուսակցությունում քննարկում տեղի չի ունենում, չկա որոշում, որևէ կուսակցական կոռեկտ չէ ներկայացնել»,– ասաց նա։
Հարցին, թե հե՞շտ համաձայնեց Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.«Ամենայն պատասխանատվոթյամբ համաձայնեց»:


Խմբակցության ղեկավարի թափուր տեղի, ինչպես նաև կառավարության անդամների հարցը, ըստ Էդուարդ Շարմազանովի, չի քննարկվել: Կհայտնեն մինչև մայիսի 3-ը՝ օրենքով սահմանված կարգով:


ՀՀԿ համամասական ցուցակով խորհրդարան կմտնեն հաջորդ համարները՝ Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանը: