Ոնց որ աղքատը «կբոյկոտի» միս ուտելը, այնպես էլ հարուստը՝ թանկ մեքենաները. Մանվել Բադեյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Եվրոստան ույուտ» ընկերության հիմնադիր, տնտեսագետ Մանվել Բադեյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ակցիզային հարկի» մասին օրենքի նոր նախագծին, որով մոտ 61 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ և ավելի մաքսային արժեք ունեցող մեքենաների վրա դրված շքեղության հարկը վերանում է, ի պատասխան հարցադրման, թե հարուստները փաստորեն բոյկոտել են, ասաց. «Չի կարելի ասել, որ բոյկոտել են, թե չէ մեկ այլ դեպքում կարելի է ասել՝ աղքատը բոյկոտել է միս ուտելը: Որ թանկ է, ո՞նց առնես, չեն բոյկոտել, ազիզ ջան: Ձեր կարծիքով՝ ինչ է , հարուստները հավաքվել են, ժողով են արել, որոշել են բոյկոտե՞ն: Ցանկացած գին պետք է տրամաբանության մեջ լինի: Չեն առնում մարդի՛կ, ոնց որ տներն են թանկ, չեն առնում»:
- Պարո՛ն Բադեյան, պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Միքայել Մելքումյանը լրացումներ և փոփոխություններ են կատարել «Ակցիզային հարկի» մասին օրենքում, որը կներառվի այս քառօրյա: Ըստ այդմ՝ մոտ 61 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ և ավելի մաքսային արժեք ունեցող և շարժիչի 4500 սմ խորանարդ և ավելի ծավալ ունեցող մեքենաների վրա դրված ներմուծման ժամանակ՝ 20 տոկոսանոց կամ շքեղության հարկը վերանում է: Հիմնավորումն էլ այն է, որ մեքենաներ քիչ են ներկվել, մուտքերը պակասել են: Իբրև տնտեսագետ՝ ի՞նչ կարծիք ունեք նախագծի մասին:
- Իհարկե, ճիշտ եմ համարում, բյուջեի մուտքերը 6 միլիարդով պակասել են, որովհետև հարկը սահման ունի, ինչ-որ մի սահմանից հետո դառնում է անտրամաբանական որևէ գործունեություն ծավալելը, էդ թվում՝ մեքենա առնելը: Էդ պատճառով մեքենաների մուտքը պակասել է, ինչի հետևանքով էլ պակասել են հարկերը: Ու ակնհայտ է, որ այդ սահմանափակումը պարզվեց ոչ էֆեկտիվ մի բան ու վնաս բերեց բյուջեին, ինչը հնարավորություն չի տալիս շատ խնդիրներ հոգալ, էդ թվում՝ չունևոր խավի խնդիրները, որոնք հոգում է բյուջեն: Էնպես որ սա ճիշտ է, ինչպես որ ճիշտ է, առհասարակ, հարկերը ճիշտ բալանսի մեջ պահելը: Թե չէ կարելի է հարկերի թիվն անընդհատ մեծացնել, որի հետևանքով տնտեսությունը կմահանա:
- Հայտնի է, որ Դուք ևս ունևոր մարդու համարում ունեք, փաստորեն, Դուք էլ այդ գնով մեքենա չեք ներմուծել, մտածել եք՝ առնե՞մ, թե չառնեմ:
- Բա, իհարկե, բա որ շատ թանկ է, ո՞նց առնեմ: Էդ Ձեր կարծիքով եմ ես շատ հարուստ, իրականում բոլորը շատ դժվարությամբ են փող աշխատում:
-Այսինքն՝ եթե մինչև 60 հազար լիներ մեքենայի գինը կառնե՞իք, բայց 61 ու գումարած 20 տոկոսի դեպքում՝ ոչ:
- Բա իհարկե, Դուք ինչպես եք կոշիկ առնում. եթե շատ թանկ է, չեք առնում չէ՞: Նույն ձևով էլ ես, եթե ավտոմեքենան շատ թանկ է լինում, չեմ առնում:
-Այսինքն՝ կարելի է ասել, որ հարուստները բոյկոտե՞լ են օրենքը:
- Չի կարելի ասել, որ բոյկոտել են, թե չէ մեկ այլ դեպքում կարելի է ասել՝ աղքատը բոյկոտել է միս ուտելը: Որ թանկ է, ոնց առնես, չեն բոյկոտել, ազիզ ջան: Ձեր կարծիքով՝ ինչ է, հարուստները հավաքվել են, ժողով են արել, որոշել են բոյկոտե՞լ: Ցանկացած գին պետք է տրամաբանության մեջ լինի: Չեն առնում մարդիկ, ոնց որ տներն են թանկ, չեն առնում: Ինչ որ թանկանում է իր իրական արժեքից, մարդիկ չեն առնում, ուզում է՝ հարուստ լինեն, ուզում է՝ աղքատ: Ի՞նչ է հարուստներն իրենց փողերը չե՞ն հաշվում:
-Արտասահմանում մի մշակույթ կա, որ շատ հարուստներ ընդգծված, հատուկ, դաստիարակչական, էթիկական, բարոյական և այլ նպատակներով ոչ միայն թանկ մեքենա չեն վարում, այլև երբեմն՝«պայթած»: Եվ միայն Հայաստանում է, որ հարուստների մեքենաները մարդկանց աչք են ծակում: Կարո՞ղ է՝ այդ մշակույթը մեզ մոտ էլ է տեղ հասել:
- Որ այդպես լիներ, հակառակը, «կակռազ» գնին չպիտի նայեին, եսիմ ինչ մեքենաներ առնեին: Բայց ամեն ինչը սահման ունի: Ես հասկանում եմ, որ Դուք ամեն ինչ ուզում եք անել, որ հարուստներին «քլնգեք», բայց մեր երկրի պրոբլեմը մեր հարուստները չեն,մեր երկրի պրոբլեմը մեր աղքատներն են: Մենք այնպես պետք է անենք՝ աղքատ չլինի, ոչ թե հարուստ չլինի:
- Հարուստների գործունեության հետևանքո՞վ չի աղքատների առկայությունը:
-Ո՛չ, հարուստների գործունեության հետևանքը իրենց հարստությունն է: Իսկ հարուստները պետք է օգնեն, որ մյուսներն էլ ինչ–որ բան անեն, որ նրանք էլ հարստանան, բայց ոչ թե, որ հարուստները աղքատանան, որ ինչ-որ մեկի սրտի վրա երկու մատ յուղ դրվի: Հարուստները, մեր թշնամին չեն, հավատացե՛ք, մեր երկրի վտանգը մեր երկրի աղքատության մեջ է: Մեր երկիրը ինչքան հարուստ լինի, ժողովուրդը, էնքան լավ է: Աղքատությունն է…
-Օլիգոպոլիաները չե՞ն էլ ավելի հարստացնում հարուստներին, և աղքատներին՝ էլ ավելի աղքատացնում:
- Երևանում ինչքա՞ն էդ Ձեր ասած ավտոներից կա, շատ են չէ՞, այդքան օլիգոպոլիա չի կարող լինել, որ այդքան «պոլիա» լինի, արդեն «օլիգո» չէ: Այո կան ոլորտներ, որ մոնոպոլիզացված են, անելիքներ շատ կան, բայց դա չի նշանակում, որ ամբողջովին 3 հոգին մարդանց աշխատացնում են, նրանց աշխատանքի վաստակը գողանում են: Այդպես չի էլի:
-Ըստ Ձեզ՝ այս կառավարությունը պե՞տք է շատ ավելի լավ աշխատի, արդյունավետ, քան նախորդը, քանի որ երկրի վիճակը շատ ծանր է:
- Ես հույս ունեմ, որ այդպես կլինի, բայց կապրենք, կտեսնենք:










