Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել ԱՄԷ-ում
Ապրիլի 25-ին Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ իր ելույթում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ իշխանությունների և ողջ հայության համատեղ ջանքերը, կարևորել է պատմական արդարության հաստատմանն ուղղված շարունակական պայքարի նշանակությունը:
Ելույթ է ունեցել նաև ԱՄԷ-ում և Քաթարում Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Սարգսյանը:
Երեկոյի վերջում Աբու Դաբիում ՀՀ դեսպանության բակում տեղի է ունեցել մոմավառություն, որին հետևել է Մեծ եղեռնի զոհերի հոգեհանգստի կարգ:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ԱՄԷ-ում տեղի են ունեցել մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես՝ ապրիլի 24-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան պաշտոն: Մեծ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք է մատուցվել նաև Աբու Դաբիի նորակառույց Սբ. Նահատակաց եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև, իսկ նույն օրը՝ երեկոյան, Շարժայի համալիրի «Պիեր Քեոսայան» դահլիճում Հայաստանից ժամանած դերասանների կողմից ներկայացվել է Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Կոմիտաս՝ հավերժ ճամբորդ» բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Մայիլյանի և Սարգիս Նաջարյանի, ինչպես նաև Գայանե Գրիգորյանի և Համասփյուռ Մանուկյանի մասնակցությամբ:










