Ավստրալական օդանավի առևանգման փորձի համար կասկածվողը պարզապես ցանկացել էր զուգարան գնալ (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալացի Մեթ Քրիստոֆեր Լոքլին, ով կասկածվում էր Virgin Australia ավիաընկերությանը պատկանող օդանավի առևանգման փորձի համար, Բալիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելուց և ձերբակալվելուց հետո հայտնել է, որ ընդամենը ցանկացել է զուգարան գնալ, և զուգարանի դուռը շփոթել է օդաչուների խցիկի դռան հետ, հայտնում է Daily Mail-ը։
Ոստիկանության աշխատակիցը պատմել է, որ թռիչքի մեծ մասը 28-ամյա երիտասարդը քնած է եղել, երբ արթնացել է, ցանկացել է պայուսակից վերցնել իր դեղը և հալյուցինացիաներ է ունեցել՝ իբրև ինչ-որ մեկը ցանկանում է գողանալ իր պայուսակը։
Հարցաքննության ժամանակ երիտասարդը վստահեցրել է, որ հարբած չի եղել, սակայն ընտանեկան խնդիրների պատճառով դեպրեսիայի մեջ է։ Նա նշել է, որ թռիչքից առաջ ընդունել է 6 տարբեր դեղահաբ և խմել 2 շիշ Coca Cola։
Ավստրալացին մեղադրվում է օդաչուների խցիկի դուռը կոտրելու և օդաչուին սպառնալու համար։
Ոստիկանությունից հայտնել են, որ Լոքլին կհարցաքննվի ավելի ուշ, երբ նրա առողջական վիճակը կայունանա։























