Բելգիացիները տարեկան 2 մլրդ եվրոյի չիպս, կոնֆետ, ընկուզեղեն և պոպկորն են ուտում
Բելգիայի բնակիչներն ամեն տարի 2 մլրդ եվրո են ծախսում չիպսերի, կոնֆետների, պոպկորնի, թխվածքաբլիթների և այլ նմանատիպ քաղցր և աղի մթերքների համար, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Հետազոտողները պարզել են, որ նման թեթև սնունդը կազմում է սուպերմարկետներից գնվող ընդհանուր մթերքի 10%-ը։
2013թ.-ին թագավորության բնակիչները ռեկորդ են սահմանել՝ նման մթերքի համար ծախսելով 2.1 մլրդ եվրո, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 41 մլն -ով։
Բելգիացիների շրջանում մեծ տարածում են գտել հատկապես չիպսերն ու ընկուզեղենը, ինչն անհանգստացնում է բժիշկներին և դիետոլոգներին, քանի որ այն սկսել են օգտագործել ոչ միայն երիտասարդները, այլև տարեցները՝ մեծացնելով ավելորդ քաշի և սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։
Համաձայն սոցիոլոգիական հարցումների՝ երկրի բնակչության մոտ 13%-ն է կարծում, որ ավելորդ քաշ ունի։










