Թե ում է ձեռնտու Սևանից 5 տարի շարունակ 240 մլն խմ ջուր բաց թողնելը. բնապահպանն ու ձկնաբանը փակագծեր են բացում
Սևանա լճի գոյությանը վտանգ է սպառնում։ Այսօր հրավիրված ասուլիսին ահազանգեցին բնապահպան Գագիկ Սուխուդյանն ու ձկնաբան Հենրիկ Մանուկյանը։ Բանախոսները վստահ են, որ ԱԺ բերված նոր օրենքը, ըստ որի՝ 5 տարի շարունակ Սևանա լճից տարեկան 240 մլն խմ ջուր պետք է բաց թողնվի՝ կնպաստի Սևանի ճահճացման արագացմանը։
Ըստ Գագիկ Սուխուդյանի՝ մինչև այս որոշումը, որ հավելյալ ևս 70 մլն խմ ջուր պետք է բաց թողնվի, միշտ էլ 170 մլն խմ բաց է թողնվել, և այն բավականացրել է Արարատյան դաշտավայրի ոռոգմանը, բայց Կառավարությունը հանկարծ հայտարարում է, թե այլևս չի բավականացնում, քանի որ անբարենպաստ եղանակային պայմաններ են և պետք է հավելյալ ջուր բաց թողնվի։
«Ո՞վ ասաց, որ 5 տարի պետք է երաշտ լինի»,- հարց հնչեցրեց ձկնաբանը,- «Վանգան»,- պատասխանեց բնապահպան Գագիկ Սուխուդյանը։
«Մինչև 2014-ը բավականացնում էր, և մեկ էլ հանկարծ սկսեց չբավականացնել։ Մեր կլիմայի ի՞նչն է փոխվել»,- ասաց նա և վստահեցրեց, որ այդ կտրուկ որոշումը հուշում է, որ ինչ-որ մեկին ձեռնտու է, որ Սևանի ջուրը չբարձրանա։
«Ո՞ւմ է ձեռնտու։ Առաջին հերթին ափամերձ տնտեսություններին ձեռնտո՞ւ է, որ բարձրանա, իհարկե ձեռնտու չէ, քանի որ այնտեղ կան ամառանոցներ, հանգստյան տներ և այլն, հետո պետությունն էլ պատրաստ չէ, որ Սևանը բարձրանա, որովհետև մեծ ծախսեր է պահանջում՝ ավտոճանապարհների, էլեկտրասյուների տեղափոխում, իսկ դրա համար նախագիծ է պետք և նույնիսկ նման նախագիծ պատրաստ չկա, թե Սևանը ոնց պետք է բարձրանա և ինչ ժամկետներում։ Միայն ռուսական ընկերությանը, որ Սևան-Հրազդան կասկադի տերն է, ձեռնտու է բարձրացումը, քանի որ էլեկտրաէներգիա է արտադրում»,- ասաց նա։
Բնապահպանն անդրադարձավ Արփա-Սևան ջրանցքին։ «Վաճառվեց Որոտանի կասկադը, այն դեպքում երբ 4 ջրամբարներից մեկից՝ Սպանդարյան ջրամբարից, պետք է 160 մլն լրացուցիչ ջուր թողնեին Սևան։ Այս պայմաններում պարզ չի՞, որ Սևանը կսկսի ճահճանալ։ Երկուշաբթի եթե ընդունեն այս օրենքը, ապա 5 տարում ևս 45 սմ անկում կլինի։ Դա ի՞նչ է նշանակում, որ կհասնենք 1978-ի վիճակին, երբ ամբողջ լիճը ջրիմուռներով էր ծածկված, ախր այս մարդիկ չեն տեսել, հրաշքը փրկեց, որի պատճառներից մեկը Արփա Սևանն էր»,- ասաց նա։
Գագիկ Սուխուդյանը նաև նշեց, որ Սևանի համար մեծ վտանգ է ներկայացնում 50 000 տոննա արհեսատական ձուկ աճեցնելու որոշումը։ «Դա էլ մահացու կլինի Սևանի համար, արհեսատական կեր են լցնելու, և այդ էքսպերեմենտալ նախագիծը ջարդում են Սևանի գլխին»,-ասաց նա։
Բնապահպանը վերջում ընդգծեց, թե Սևանը ազգային պարկ է, ոչ թե ջրամբար, որ երբ պետք է բացեն, երբ պետք է փակեն։
Հենրիկ Մանուկյանն էլ ավելացրեց. «Որ ասում են ջուր չկա, կա միայն պետք է ռացիոնալ ձևով օգտագործել»։ Ապա թվարկեց, թե Արտաշատի շրջանում Ազովի ջրամբար կա, որը 70 մլն խմ ջուր է տանում, Հրազդանի ջրամբարը՝ Մարմարիկ գետի վրա, Մեծամոր գետը, որից նույնպես կարելի է ջուր վերցնել ու ոռոգել, դրան էլ ավելացրած Արարատյան դաշտավայրում 500 հորերը, որտեղ անխնա ջուր է լցվում։
Հենրիկ Մանուկյանը հարց հնչեցրեց, թե ուր են գնում այդ ջրերը, ու ինքն էլ պատասխանեց, թե, ի վերջո, լցվում են Արաքսը և միայն դրանց 60%-ն է օգտագործվում և պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի այդ ջրերը ոչ թե Արաքսը լցվեն, այլ ոռոգման համար օգտագործվեն։
Սուխուդյանն էլ հավելեց, թե Նախիջևանի և Իրանի սահմանին ջրամբար է կառուցված, որի ծավալը 900 խմ էր, սակայն 3 տարի առաջ այդ ջրամբարի ծավալն ավելացել է մեկ երրորդով։ «Ադրբեջանն ու Իրանն են այդ ջրամբարն օգտագործում, իսկ ոնց է ջուրն ավելացել, եթե Սևանից ջուր չի մտնում, դրանք պարզ դպրոցական բաներ են»,- ասաց նա։










