Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում

21:16 • 26.04.14

Ապրիլի 24-ին Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, որից հետո տեղի է ունեցել բազմահազարանոց քայլերթ դեպի Ապրիլ 24-ի հուշարձան` Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Բուշ Դյու Ռոն շրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան Նոել Գերինիի, Մարսել Պրովանս Մետրոպոլի քաղաքային համայնքի նախագահ Գի Տեսիեի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սըրմաքեշի և Մարսելի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ:

Այնուհետև ծաղկեպսակներ են զետեղվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ միջոցառումներին մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մշակութային, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ և հազարավոր ֆրանսահայեր։

 

Նույն օրը Լիոնի Հայ առաքելական եկեղեցում մատուցված սգո պատարագին հաջորդել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ հավաք Լիոնի Բելկուր հրապարակին հարող Հայոց ցեղասպանության հուշարձանի մատույցներում: Հիշատակի միջոցառմանը մասնակցել են Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Ռոն-Ալպ շրջանային խորհրդի, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ, հազարավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

 

 

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Նիս, Գրենոբլ, Սեն-Շամոն, Վալանս, Սենտ-Էտիեն, Էքս-ան-Պրովանս, Բուկ Բել Էր, Կանն, Դրագինյան, Գարդան, Ռոքբրյուն սյուր Արժանս, Սեն-Ռաֆաել, Թուլոն, Բիարից, Բորդո, Կլերմոն-Ֆերան, Մոնտելիմար, Մոնպելյե, Ստրասբուրգ, Թուլուզ քաղաքներում: Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում ընթացող Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 27-ը: