Սևանում ցանցային եղանակով ձուկ աճեցնելու հարցում պալատական ուսումնասիրողների կարծիքը հակադարձ է ոչ պալատականներին. Լ. Խաչատրյան

23:22 • 26.04.14

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սևանա լճում ցանցային ձկնարտադրություն սկսելու խնդրին, նկատեց, թե ինչպես միշտ՝ «պալատական ուսումնասիրողների կարծիքը այս անգամ ևս հակադարձ է ոչ պալատականների կարծիքին»:

 


«Նրանք ասում են՝ 10-12 հատ ցանց կդնենք ձնարտադրության համար, եթե տեսնենք, որ ազդում է Սևանի վրա, կդադարեցնենք։ 21-րդ դարում պատկերացնո՞ւմ եք նման բան, այն դեպքում, երբ այդ ամենը կարելի է նստել համակարգչի առաջ ու մդելավորել՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ, և որոշել՝ կարելի՞ է, թե՞ չի կարելի: Մարդիկ ասում են՝ աղետի է վերածելու Սևանը, մենք կորցնելու ենք քաղցրահամ ջրի մեր ռազմավարական պաշարը, որը վաղը, մյուս օրն արդեն նավթին իր գնով չի զիջելու»,-նշեց նա։ 

 

 

Լյովա Խաչատրյանն այդ տարբերակն այդքան էլ փոխկապակցված չհամարեց շրջանառվող տեսակետը, թե Արարատյան դաշտավայրում խորքային ջրերի սպառման պատճառով խոշոր ձկնարդյունաբերողները, տեսնելով, որ այլևս հնարավոր չէ այդտեղ ձուկ արտադրել, իրենց արտադրությունը տեղափոխում են Սևանա լիճ: Նա ընդգծեց, որ եթե այդպես շարունակվի, Արարատյան դաշտավայրում ձկնարտադրությունը մեխանիկորեն փակվելու է, քանի որ ջուրը վերջանալու է։

 

«Բայց որպեսզի դա թույլ չտանք, պետք է թույլատրել որոշակի քանակի ու նոր տենոլոգիաների պայմաններում այդ ձուկն աճեցնել, այսինքն՝ կրճատում ենք արտեզյան ջրերից վերցնելու այն սահմանը, որը տրված էր 1984-ի տվյալներով»,-նշեց նա։