Խմբակցությունները դեռ չեն որոշել, թե ինչպես կքվեարկեն Գալուստ Սահակյանի թեկնածությանը

21:49 • 26.04.14

Արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը Գործադիր մարմնի նիստում որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը. քվեարկությունը տեղի է ունենալու երկուշաբթի օրը:


Խորհրդարանական խմբակցությունները դեռ չեն որոշել, թե ինչպես են քվեարկելու, քանի որ ինչպես Tert.am-ի հետ զրույցում պնդեցին նրանցից ոմանք՝ իրենց խմբակցություններում դեռևս այդ հարցով քննարկումներ չեն եղել:


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար անակնկալ չէր Գալուստ Սահակյանի թեկնածության առաջադրումը:
«Ինձ համար կանխատեսելի էր, որ մեծամասնությունը կառաջադրի Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Դա խորհրդարանական մեծամասնության որոշելիք հարցն էր»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

 


Թե ինչպես կքվեարկի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե դեռ չի կարող ասել, որովհետև խմբակցության նիստ տեղի չի ունեցել:

 


Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, թե մեզանից է լսում, որ ՀՀԿ-ն առաջադրել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը՝ հավելելով, որ այդ քաղաքական ուժի իրավունքն էր, թե ում է առադաջադրելու:
«Երբ Ազգային ժողովում տեղի կունենա առաջադրում և քննարկում, մեր խմբակցությունն էլ կքննարկի այդ հարցը և կարտահայտի իր մոտեցումները»,-ասաց Հեղինե Բիշարյանը: