Դոնեցկում գրավել են հեռուստառադիոընկերության շենքը
Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները գրավել են շրջանային պետական հեռուստառադիոընկերության շենքը:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Интерфакс-Украина-ին հղումով, գրավումը տեղի է ունեցել առանց որևէ կրակոցի: Ներկա պահին հեռուստաընկերության շենքում 500 մարդ է գտնվում, ովքեր վանկարկում են «Սլյավյանսկ՝ հերոս-քաղաք», «Հանրապետություն», «Կիևը Դոնեցկին չպետք է հրամայի» և «Ռուսաստան» բառերը:
Շինության ճակատային մասում բարձրացվել է «Դոնեցկի ազգային հանրապետության» դրոշը: Ցուցարարները պահանջում են անջատել ուկրաինական ալիքները և դրանց փոխարեն ռուսականները միացնել:
Հեռուստակենտրոնի շենքի մոտ իրավապահ մարմինների շուրջ 30 ներկայացուցիչ է գտնվում, որոնք չեն միջամտում տեղի ունեցող իրադարձություններին:
Ավելի վաղ Դոնեցկի Լենինի հրապարակում ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն հանրաքվեի անցկացման, որը «Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետությունը» հայտարարել է մայիսի 11-ին:










