Ցեղասպանության հարցով պետք է մշակել համապարփակ ծրագիր ու հարցը տեղափոխել իրավական հարթություն. պատմաբան
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին պետք է ծրագիր կազմել և բոլոր հարցերը տեղափոխել իրավական հարթություն: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Պատմաբանը նշեց, որ այսօր խիստ անհրաժեշտ է խնդրի շուրջ կոմպլեկս հետազոտության մոտեցում ցուցաբերել՝ ներառելով նյութական կորուստները, կորսված հայրենի տարածքները, հոգեբանական խնդիրները:
«Անելիքներ շատ կան. Հայոց ցեղասպանության նախաշեմին հարկավոր է բացի իրազեկումից, հավաքել բոլոր փաստերը՝ ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան մասնագետների հետ աշխատելով, դիմել Հաագայի միջազգային դատարան: Նյութական կորուստների հետ կապված որոշակի թվական տվյալներ արդեն կան. 1990թ-ի տվյալներով այն կազմում է 100 մլրդ դոլար: Պետք է բոլոր հարցերի հետ բարձրացնել նաև մշակութային ցեղասպանության հարցը: Թուրքերը յուրացնում են նաև մեր մշակույթը: 2005թ-ին Ցյուրիխում ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել ու ամբողջ հայկական մշակույթը ներկայացրել թուրքականի անվան տակ»,-ասաց նա:
Էդիկ Մինասյանը հիշեցրեց, որ Արևմտյան Հայաստանի տարածքում ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, բայց և միաժամանակ վերականգնվում են ձևականորեն մի քանիսը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե Թուրքիան քրիստոնեական մշակույթը պահպանում է:
«Նրանք փորձում են Ցեղասպանության հետևանքներն ամեն կերպ վերացնել: Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունն էլ, որով ցավակցում էր 1.5 մլն անմեղ զոհերի հարազատներին, հերթական խորամանկ քայլն էր՝ կրկին միջազգային հանրությանը ինչ-որ բան ցույց տալու համար: Թուրքիան այսօր շարունակում է իր նախկին քաղաքականությունը»,-ասաց նա:
Էդիկ Մինասյանն ընդգծեց, որ այսօր կարևոր խնդիր է նաև հայրենազրկման փաստը, որի լուծումը ևս համարում է, որ կարող է տրվել միայն իրավական հարթությունում:
«Մենք մեր հայրենիքն ենք կորցրել ու դրա համապատասխան բոլոր փաստաթղթերը ունենք: Միայն Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը բավական է, որ այդ հարցը կարողանանք լուծել: Այն իր ուժը չի կորցրել, պարզապես պետք է հարցով հետևողականորեն զբաղվեն մասնագետները»,-ասաց նա:
Էդիկ Մինասյանը վստահեցրեց, որ այսօր ԵՊՀ-ում խնդիր է դրված՝ պատրաստելու ցեղասպանագետներ: Նա նշեց, որ ԵՊՀ-ում հատուկ մշակված ծրագիր է գործում ու Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսում այսօր մասնագիտանում են 5 ցեղասպանագետներ, որոնցից 2-ը՝ սփյուռքահայ:
«Համալսարանի կողմից այսօր բազմաթիվ աշխատություններ են հրատարակվում՝ թե՛ գեղարվեստական, թե՛ փաստագրական: Հատկապես ուզում եմ շեշտել, որ նախատեսում ենք գիտական կոնֆերանսներ, նստաշրջաններ: Մենք նաև թեմաներ ենք մշակել ու հանձնարարում ենք ուսանողներին կուրսային աշխատանքներ ներկայացնել Ցեղասպանության փուլերի, հարցը իրավական դաշտ տեղափոխելու, հետևանքների հատուցման թեմաների շուրջ»,-ասաց նա:
Էդիկ Մինասյանը նշեց, որ իհարկե, բոլոր ցանկալի աշխատանքները իրականացնելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ, և այս առումով մենք մեր հարևանների հետ մրցել չենք կարող, բայց գիտական անհրաժեշտ ներուժի պակաս չկա Հայաստանում ու Սփյուռքում, ինչը պետք է օգտագործել:
«Բայց պետության կողմից միջոցներ պետք է հատկացվեն այս շատ կարևոր գործի համար: Այս խնդիրը խիստ հրատապ հարց է: Իմ առաջարկն է համատեղ ուժերով միասնական կենտրոն ստեղծել՝ համագործակցելով Սփյուռքի կենտրոնների հետ: Իհարկե, այսօր գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, բայց նրա աշխատանքը քիչ է»,-ասաց նա:
Վերջում Էդիկ Մինասյանը հորդորեց միշտ հիշել, որ թուրքն իր պատկերը երբեք չի փոխում, ինչի ապացույցն է Սիրիայի Քեսաբ համայնքի վերջին դեպքերը: Նա հայ ժողովրդին զգոնության կոչ արեց:










