Վաղվանից Մոլդովայի բնակիչների համար կգործի առանց վիզայի ռեժիմ Շենգենյան երկրների հետ
Սկսած ապրիլի 28-ից Մոլդովայի քաղաքացիները կկարողանան Շենգենի տարածքի երկրներ այցելել առանց վիզայի: Այդ մասին հայտնել է ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի մամուլի ծառայությունը, գրում է Russia Today-ը:
Եվրախորհրդարանը և Եվրամիության նախարարների խորհուրդը ստորագրել են ԵՄ-ի որոշումը Մոլդովայի համար վիզային ռեժիմի վերացման մասին՝ ապրիլի 3-ին: Ավելի վաղ որոշումը ստացել է ԵՄ բոլոր 28 անդամ-երկրների հավանությունը:
«Ես չափազանց ուրախ եմ, որ ԵՄ-ում առանց վիզայի մուտքը Շենգենյան տարածքի երկրներում կարճաժամկետ այցի համար իրականություն է դարձել կենսաչափական անձնագրերով Մոլդովայի քաղաքացիների համար: Այդ որոշումը նպաստում է Մոլդովայի և ԵՄ-ի միջև գործնական, սոցիալական և մշակութային կապերի զարգացմանը»,- նշել է Մալմստրյոմը:










