Մարդկանց որովայնից վերցված ճարպային հյուսվածքների բջիջները կարող են ազատել մեջքի ցավից
Մարդկանց որովայնից վերցված ճարպային հյուսվածքների բջիջները կարող են ազատել մեջքի ցավից: Գիտնականներն առաջարկում են բջիջները ներարկել վնասված և ցավի պատճառ հանդիսացող միջողնաշարային սկավառակների մեջ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Daily Mail-ին:
Հայտնի է, որ գոտկատեղի հատվածում ճարպային կուտակումները հարուստ են ցողունային բջիջներով, որոնք կարող են տարբեր տեսակի հյուսվածքների վերածվել: Տեսականորեն այդ բջիջները կարող են վերականգնել միջողնաշարային սկավառակները: Իսկ միջողնաշարային սկավառակի խնդիր առաջանում է յուրաքանչյուր 4-րդ մարդու մոտ, քանի որ սկավառակները շարժման ընթացքում կլանում են բեռը և շարժունակություն են ապահովում:
Սկավառակների արտաքին շերտն ամուր է, իսկ ներսի զանգվածը դոնդողանման է: 30 տարեկանից հետո արտաքին շերտը սկսում է կարծրանալ, ինչը մեծացնում է կոտրվածքների ռիսկը, սկավառակը կորցնում է հեղուկ զանգվածը, որն էլ նյարդերի ճնշման, դեգրադացիայի և ցավերի պատճառ է դառնում:
Նոր մոտեցումը կարող է ո´չ միայն վերականգնել սկավառակները, այլև` պաշտպանել ապագա քայքայումից:










