Իռլանդիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել երկու ուղևորի սրտի կաթվածի պատճառով

23:48 • 30.04.14

Հռոմից Նյու Յորք թռիչք իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իռլանդիայի Շանոն օդանավակայանում՝ երկու ուղևորի սրտի կաթվածի պատճառով, որոնցից մեկը մահացել է: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով The Irish Times-ին:


Alitalia ավիաընկերությանը պատկանող Boeing-777 օդանավը թռիչքն իրականացնում էր Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանից՝ երեքշաբթի, տեղական ժամանակով 15:31-ին (17:31 Երևանի ժամանակով):


Երբ ինքնաթիռն արդեն Իռլանդիայի ափերից 11.000 մետր բարձրության վրա էր, ուղևորներից մեկի մոտ առաջացած սրտի կաթվածի հետևանքով օդանավի անձնակազմը տագնապ է հայտարարել:


Օդաչուները որոշել են վայրէջք կատարել Շանոն օդանավակայանում: Վայրէջքից 15 րոպե առաջ անձնակազմը օդակարգավարներին հաղորդել է, որ օդանավում թերևս նույն ախտորոշմամբ ևս մեկ ուղևոր կա: 

Օդանավակայանում սպասող բուժանձնակազմը հաստատել է սրտի կաթվածի հետևանքով Ամերիկայի 80-ամյա քաղաքացու մահը: Երկրորդ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է կայուն վիճակում: