Malaysia Airlines ընկերությունը փակում է անհետացած Boeing-ի ուղևորների հարազատների համար բացված կենտրոնները
Malaysia Airlines ավիաընկերությունը հայտարարել է անհետացած Boeing-ի ուղևորների հարազատների համար ստեղծված կենտրոնների՝ մինչ մայիսի 7-ը փակման մասին:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ Fox News-ին հղումով, ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ անհետացած օդանավի ուղևորների հարազատները, ում կեցությունը հյուրանոցներում միջադեպից հետո վճարել է ընկերությունը, պետք է տուն վերադառնան: Բաց կմնան միայն ընկերության աջակցման կենտրոնները Պեկինում և Կուալա Լումպուրում:
Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող MH370 չվերթի Boeing 777-200 օդանավը ռադարներից անհետացել է մարտի 8-ին: Օդանավի որոնումներն օդային տարածքից դադարեցվել են նախօրեին:
Երեկ հայտնի էր դարձել, որ Մալայզիայի իշխանությունները մտադիր են անհետացած Boeing-ի որոնումներն սկսել Բենգալյան ծոցում: Ավստրալիական GeoResonance ընկերության տվյալներով՝ ավիավթարը կարող էր տեղի ունենալ Բանգլադեշի լողափից 160 կմ հեռավորության վրա:










