Եվրասիական երթի մասնակիցները դիմում հանձնեցին ՌԴ դեսպանատուն. (լուսանկարներ, տեսանյութ)

14:33 • 01.05.14

Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն ու նրանց համակիրներն Աշխատավորի օրվա առթիվ այսօր Երևանում երթ անցկացրեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ նրանք դիմում հանձնեցին՝ անվանելով այն Եվրասիական երթի մասնակիցների դիմում:

«Մենք՝ Երևանում մայիսմեկյան, եվրասիական բազմամարդ երթի մասնակիցներս, դիմում ենք Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ժողովուրդներին՝ կոչ անելով վճռական այս փուլում համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած լայնածավալ ինտեգրացիոն գործընթացին: Հայաստանի գալիք անդամակցումը Մաքսային միությանը բազմաչարչար հանրապետության ժողովրդի համար ճակատագրական ելք է, առաջին քայլը 2015 թվականի հունվարի 1-ին Եվրասիական միության ստեղծման գործընթացին ակտիվ մասնակցելու ճանապարհին»,-ասվում է դիմումում:

Երթին մասնակցում էին տարբեր տարիքի մարդիկ՝ ծերեր, երիտասարդներ, երեխաներ: Երթից հետո երեխաների համար անվճար հյուրասիրություն կազմակերպվեց:

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, համեմատելով սովետական տարիների մայիսմեկյան տոնն այսօրվա հետ, լրագրողների հետ զրույցում ասաց. «Դուք երիտասարդ եք, երևի չեք հիշում, թե ինչպիսի շուքով էր անցնում Մայիսի մեկը, երթի մասնակիցներն անցնում էին Հանրապետության հրապարակով և զեկուցում իրենց աշխատանքների մասին։ Ցավոք սրտի, այսօր երթի մասնակիցները գրեթե բան չունեն ասելու, որովհետև մեծ մասն այսօր աշխատանք չունի»: