Եգիպտական տապանաքարի վրա հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի ամենահին պատկերներից մեկը (լուսանկար)
Կատալոնացի հնագետների խումբը հնագույն եգիպտական տապանաքարերից մեկի վրա, ենթադրաբար, Հիսուս Քրիստոսի ամենահին պատկերներից մեկն է հայտնաբերել:
Ինչպես հայտնում է The Independent-ը՝ գետնադամբանում հայտնաբերված պատկերն իրենից ներկայացնում է գանգրահեր երիտասարդի կերպար, որն, ասես, օրհնելիս լինի: Բարսելոնայի համալսարանի փորձագետները կարծում են, որ դա Քրիստոսի վաղնջական նկարներից է: Նրանք ստորգետնյա կառույցը հայտնաբերել են Եգիպտոսի հնագույն Օքսիրինչու (Oxyrhynchu) քաղաքում, որը, հավանաբար, հանգստավայր է հանդիսացել մի շարք քահանաների համար:
Հնագետներն ավելի քան 45 տոննա քարաբեկոր են տեղաշարժել՝ թաքնված սենյակին հասնելու համար: Այս պեղումների ժամանակ մեկ այլ անորոշ կառույց է հայտնաբերվել, որն այժմ ուսումնասիրվում է:
Դամբարանի ներսում հնագետները ներկի 5-6 շերտ են հայտնաբերել պատերին, որոնցից վերջինը պատվել է քրիստոնեության վաղ շրջանում:
Բարսելոնայի համասարանի պատվավոր պրոֆեսոր, դոկտոր Խոսեպ Պադրոն, ով գլխավորել է արշավախումբը, հայտնագործությունը «բացառիկ» է անվանել: Հնագետների թիմն այժմ աշխատում է նկարը շրջապատող գրությունները թարգմանելու ուղղությամբ:










