Ես հույսեր եմ կապում նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի փորձառության հետ. Գործատուների միության նախագահ
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր կայացած ասուլիսին ասաց, որ ինքը հույսեր է կապում նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի փորձառության հետ։
«Նա բավականին լավ տիրապետում է այդ կուլիսային հարաբերություններին, այնտեղ կան մարդիկ, որոնք որոշակի ախորժակով են եկել պաշտոնի, և այդ ախորժակը զսպելու խնդիր կա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նոր վարչապետը պետք է փորձի մի քանի ցավոտ խնդիրներ լուծել, որպեսզի տնտեսության վիճակը բարելավի, և մեկ ու կես տարի հետո պարզ կլինի, թե ինչ ռեֆորմներով է երկիրը շարժվում: Ըստ նրա, սակայն, ՀՀ նոր կառավարության կազմում ընդգրկված պաշտոնյաների 60-70%-ը այնքան էլ ռեֆորմիստական չեն:
Նա կարևորեց կառավարության նկատմամբ վստահության հարցը. «Մենք նախորդ կառավարության օրինակով տեսանք, որ առաջացավ մի շարժում, որը տեղաշարժեց վարչապետին»:
Անդրադառնալով ՊԵԿ-ը Ֆինանսների նախարարությանը միացնելուն՝ բանախոսը նկատեց, որ դա ունի և դրական կողմ, և բացասական: «Բացասական է, որ Ֆինանսերի նախարարությունը դեռևս մնում է բյուջեն ապահովող և բյուջեն ծախսող մարմին, բայց չի կարելի մի ձեռքով բերել, իսկ մյուս ձեռքով ծախսել: Ֆիննախը տեսնում է, որ մի տեղ բյուջեն պակասել է և փորձում է ինչ-որ տեղ հարկեր բարձրացնելով՝ լրացնել այդ պակասը, մինչդեռ գումարները պետք է բերի Էկոնոմիկայի նախարարությունը՝ զարգացնելով տնտեսությունը»,-ասաց նա և ավելացրեց, որ այդ միացումով ստացվում է մի փակ շղթա։
Որպես դրական կողմ Գագիկ Մակարյանը նշեց, որ վերահսկողությունը մեծանում է, և այդ դեպքում կարող են ծախսերը համակարգել, այսինքն՝ մի ձեռքը տեղյակ է, թե մյուս ձեռքն ինչ է անում: «Բայց ես անհանգստանում եմ, որ այդ փակ համակարգում կոնսոլիդացիա չի լինի»,-մտահոգություն հայտնեց նա:










