ՆԱՍԱ-ն ներկայացրել է մարդուն Մարս ուղարկելու համար անհրաժեշտ քայլերը
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ներկայացրել է այն անհրաժեշտ քայլերը, որոնք պահանջվում են մարդուն 2030թ.-ին Կարմիր մոլորակ ուղարկելու համար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ՆԱՍԱ-ի համոզմամբ, նախևառաջ հարկավոր է կառուցել Space Launch System (SLS) ծանրաքաշ հրթիռը, որը լինելու է երբևէ ստեղծված հրթիռներից ամենահզորը։ 117մ երկարությամբ հրթիռը կկարողանա 130 տոննա բեռ տեղափոխել դեպի Մարս 9 ամիս տևելիք ճամփորդության ընթացքում։
Մինչդեռ մարդկանց հեռավոր մոլորակ կտեղափոխի Orion տիեզերանավը, որն իր առաջին տիեզերական առաքելությունը կիրականացնի ընթացիկ տարվա դեկտեմբերի 4-ին։ Դրա շրջանակներում Orion-ը կբարձրանա 5.800 կմ բարձրության վրա, ինչը 13 անգամ գերազանցում է Միջազգային տիեզերակայանի բարձրությունը Երկրի մակերևույթից։
Արդյունքում տիեզերական սարքը կկարողանա զարգացնել 32.000 կմ/ժ արագությունը, ինչն անհրաժեշտ է մարդկանց Մրաս տեղափոխելու ու հետ վերադարձնելու համար։
Այնուհետև ՆԱՍԱ-ի հաջորդ քայլն է լինելու մի քանի տիեզերագնացի աստերոիդի վրա ուղարկելը, որպեսզի վերջիններն ուսումնասիրեն այն ու դրանից որոշ նմուշներ բերեն Երկիր։ Գործակալության մասնագետների խոսքերով, աստերոիդի ուսումնասիրության ընթացքում ստացած փորձն ու տեղեկությունները շատ պետք կգան Մարս մեկնող տիեզերագնացներին։ Չի բացառվում նաև, որ տիեզերագնացները Մարս ուղևորվելու ճանապարհին կարող են ժամանակավորապես կանգ առնել աստերոիդի վրա։










