Վոլոդյա Ավետիսյանը ո՞նց կարող է «նվնվալ», երբ 20 տարեկանում մեր տարիքի մարդկանց կռվել էր սովորեցնում. Սպարտակ Մաթևոսյան

20:19 • 01.05.14

«Արծիվ-մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ, ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը գտնում է, որ ազատամարտիկները պետական հոգածություն կարիք ունեն, իսկ նրանց անվանել «նվնվացողներ»՝ ուղղակի անընդունելի է:

 

«Օրինակ՝ մեր մահապարտների հրահանգիչը՝ Վոլոդյա Ավետիսյանը, ո՞նց կարող է նվնվացող լինել, երբ 20-22 տարեկան հասակում մեր տարիքի մարդկանց սովորեցնում էր կռվել և մեզ հետ ռազմաճակատում ամեն տեղ մասնակցել է կռիվներին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ազատամարտիկները, որոնք սոցիալական խնդիրներ էին բարձրաձայնել, «հրապարակներում նվնվացողներ» են:

 

Իսկ ինչ վերաբերում է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, ով արդեն մի քանի ամիս է՝ խուլիգանության մեղադրանքով գտնվում է կալանքի տակ, Հայաստանի ամենատարեց մահապարտն ավելացրեց. «Մի հոյակապ, հերոս տղա, ո՞նց կարելի է նրան նվնվացող անվանել, ուղղակի ուզեցին կոտրել նրան, բայց նա կոտրվողը չի, իշխանությունները կգան-կգնան, բայց արքայական խոսքը մեր կմնա հավերժ»:

 

Ազատամարտիկի խոսքով՝ Նախագահը գիտի՝ իր մարտական ընկերներն ովքեր են, և ինչպե՞ս կարելի է բոլորին անվանել նվնվացողներ:


«Մենք պաշտպանել ենք և կպաշտպանենք մեր երկիրը, որ տարիքում էլ որ լինի»,-եզրափակեց նա: