Սնոուդենը Ռուսաստանից խնդրելու է երկարաձգել իրեն տրամադրված ժամանակավոր կեցության ժամկետը

11:14 • 01.05.14

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մտադիր չէ լքել իր ժամանակավոր ապաստանը մինչև այս տարվա ամառ, երբ լրանալու է նրան կեցություն տրամադրելու ժամկետը։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Սնոուդենի փաստաբան Ջեսելին Ռեդեքը։


Վերջինիս խոսքերով՝ թույլտվությունը գործում է մինչև հունիսի վերջ, սակայն լավ հեռանկարներ կան, որ դա կերկարաձգվի։ Ռեդեքը նաև նշել է, որ Սնոուդենը կարոտում է ԱՄՆ-ն և կցանկանար տուն վերադառնալ։


«Մենք պարզապես չենք պատկերացնում, որ դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում»,- ասել է Սնոուդենի փաստաբանը։
 

Նրա խոսքերով՝ Սնոուդենը ԱՄՆ վերադառնալ չի կարող, քանի դեռ ԱՄՆ արդարադատության նախարարությունը չի հանել պետական գաղտնիք հրապարակելու մասին մեղադրանքը։


«Եթե Արդարադատության նախարարությունը ցանկանա քննարկել այդ հարցը, մենք ուրախ կլինենք»,- ասել է նա։