Քաղաքական անարժեք տրյուկ և մանկական դիվանագիտություն. կարծիքներ Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու՝ Ադրբեջանի մտադրության մասին

21:54 • 02.05.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու` Ադրբեջանի մտադրությունը հայազգի քաղաքագետներ Հակոբ Չաքրյանը և Լևոն Շիրինյանը համարեցին մանկական դիվանագիտություն և ծուղակն ընկած մի վայրենու անընդհատ տեղաշարժը վանդակում:
 

Հակոբ Չաքրյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ն տեղի չի տա Ադրբեջանի ցանկություններին, քանի որ եթե մեկ անգամ զիջի, ապա ստիպված կլինի կրկին զիջել. «Չպետք է զիջի, և ինձ թվում է, որ չեն զիջի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Ջեյմս Ուրոլիքին ետ կանչելը, ըստ քաղաքագետի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանձնապես դեր չի ունենա. «Եթե անգամ փոխեն էլ, Մինսկի խմբի վերաբերմունքը չի փոխվի, իսկ որ ժամանակը մեր օգտին է աշխատում, դա ակնհայտ է, և նրա փոխարինումը հակամարտության ճակատագրի վրա ազդեցություն չի ունենա»:


Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր «Ազատություն» ռադիոկայանը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում դժգոհություն էր հայտնել ամերիկացի դիվանագետի գործունեությունից՝ նրան մեղադրելով քաղաքական կանխակալության, ղարաբաղյան հակամարտությունը խեղաթյուրելու, ինչպես նաև՝ հակաադրբեջանական գործունեություն ծավալելու մեջ։


«Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր ունի Ամերիկայի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Անգամ հպանցիկ աչքի անցկացնելով սոցցանցերում Ուորլիքի գրառումները՝ ակնհայտ է դառնում, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփվել ամերիկայի հայ համայնքի հետ, և ոչ թե՝ ադրբեջանական։ Միևնույն ժամանակ՝ Ուորլիքը հաճույքով կիսվում է միայն հայկական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներով՝ լռելով, սակայն, ադրբեջանցի լրագրողների հետ իր շփումների մասին»,- ասել էր Ադրբեջանի փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ ամերիկացի համանախագահի որոշ հայտարարություններ սադրիչ բնույթ են կրում։


Այս մասին Հակոբ Չաքրյանն ասաց, որ հայ համայնքի հետ շփվելը որևէ նշանակություն չունի, դա Ադրբեջանի խնդիրը չէ, համանախագահ նշանակելիս էլ ԱՄՆ-ն հայ համայնքի հետ չի խորհրդակցել և նոր միայն՝ նշանակել:


«Առհասարակ, Ադրբեջանը Մինսկի խմբի գործունեությունից միշտ դժգոհ է: Համանախագահն ընդամենը՝ ներկայացուցիչ է, անունն անգամ կարևոր չէ: Պարզապես Ադրբեջանը, որ մշտապես դժգոհ է, սկսում է նորություններ ստեղծել և կապրիզներ է գործադրում»,-ասաց նա:


Վերջինիս կարծիքով՝ այդ քայլերով Ադրբեջանը չի նպաստի Ղարաբաղյան հարցի կարգավորմանը և պետք է հասկանա, որ Ղարաբաղյան հինահարցը սկզբունքորեն լուծվել է, և Հայաստանը դա լուծել է՝ պատերազմում հաղթանակ տանելով ադրբեջանցիների նկատմամբ:


«1974թ.-ից ռազմատենչ հայտարարություններ են անում, բայց գործնական քայլեր դրանց չեն հետևում: Հետևաբար, նրանք դիվանագիտություն են խաղում, և՝ անիմաստ, մանկական դիվանագիտություն»,- ընդգծեց քաղաքագետը:


Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ շեշտեց, թե հայ ժողովուրդը մեղք չունի, որ հազարամյակների քաղաքակրութության պատմություն ունի, հիմա էլ ունի որոշակի ազդեցություն Միացյալ նահանգներում:


«Եվ Ամերիկայի որ համանախագահն էլ լինի, կշփվի հայ համայնքի հետ, որովհետև նրանք արդեն դիտվում են որպես ԱՄՆ քաղաքացիներ, այնպես որ՝ Ադրբեջանի քայլերը նման են ծուղակն ընկած մի վայրենու անընդհատ տեղաշարին փակ վանդակում»,- ասաց նա՝ հավելելով, որ դա քաղաքական «տրյուկ» է, որը ոչ մի արժեք չունի:


Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանցիները գիտեն, որ Արցախը երբեք էլ իրենցը չի եղել. «Եվ ցավակցում եմ, որ իրենց չեն ճանաչում աշխարհում, բայց իրենց ճանաչելու համար ադրբեջանցիները նախ՝ պետք է քաղաքակրթություն ունեցած լինեն»:


Լևոն Շիրինյանը նաև չկիսեց տեսակետը, թե Ջեյմս Ուորլիքը կարող է կողմնապահ վերաբերմունք ունենալ: Ավելին, նա համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ-ն առաջնորդվում է իր շահերով, իրենք էլ գիտեն, որ դա այդպես չէ: «Իսկ որ Ադրբեջանի մեջքին է կանգնած Թուրքիան, դա չեն ասում, չէ՞»,- հարցադրմամաբ ավարտեց խոսքը քաղաքագետը: