Արսեն Ավակովը պահանջներ է ներկայացրել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պահանջներ է ներկայացրել աշխարհազորայիններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավակովն այժմ գտնվում է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների անցկացման գոտում: Երկրի դաշնայնացման կողմնակիցներին նրա պահանջն է՝ վայր դնել զենքը, ազատ արձակել բոլոր պատանդներին և լքել վարչական կառույցները: Նա սպառնացել է, որ զենքը չհանձնողները խստագույնս կպատժվեն:
Ավակովը, ՆԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտարարել է, որ իրենք պատրաստ են բանակցել ցուցարարների և նրանց ներկայացուցիչների հետ։
Նրա դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակը փաստացի ի չիք է դարձնում Ժնևի համաձայնությունների կենսագործման վերջին հույսը, որոնք ուղղված են Ուկրաինայում կայունության հաստատմանը:










