Վրաստանում ծաղիկ հիվանդության նոր վիրուս է հայտնաբերվել
Ամերիկացի գիտնականները Վրաստանում ծաղկի նոր վարակ են հայտնաբերել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ատլանտայի Վերահսկման և կանխարգելման կենտրոնի նյութերը:
Ծաղկի նոր վիրուսով վարակվել է առնվազն 3 մարդ: Սակայն թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, չի հստակեցվում:
Ամերիկյան ռադիոն նոր վիրուսն անվանել է բնական ծաղկի «ազգականը»: Ի սկզբանե վիրուսով հիվանդի մոտ սիբիրյան խոց էին կասկածել: Առայժմ մարդուց մարդու վարակվելու դեպքեր չեն գրանցվել: Երկու հովիվ, ում մոտ հայտնաբերվել է վիրուսը, ապաքինվել են: Սակայն գիտնականներին շատ բան դեռ անհայտ է:
Գիտնականներն ասել են, որ վիրուսի այս տեսակը շատ կարևոր է, քանի որ ծաղիկը կարող է կիրառվել որպես կենսաբանական զենք:
Անցած տարի ԱՄՆ-ն 460 մլն դոլար էր ծախսել ծաղկի դեմ նոր դեղամիջոցների գնման վրա՝ նկատի ունենալով կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչության հնարավորությունը: Այդ պահուստային դեղամիջոցները նախատեսված են 2 մլն մարդու համար։










