ՏՏ ընկերությունները կտեղեկացնեն օգտատերերին ԱՄՆ-ի իշխանությունների հարցումների մասին. ԶԼՄ-ներ

15:40 • 02.05.14

Ամերիկյան խոշոր ՏՏ ընկերություններն այլևս իշխանություններին չեն տրամադրի օգտատերերի տվյալները՝ առանց վերջիններիս իրենց գործողությունների մասին նախազգուշացնելու, գրում է ria.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:

 

Ընկերությունները հայտարարել են, որ օգտատերերն իրավունք ունեն նախապես իմանալու, որ իշխանությունները ցանկանում են ծանոթանալ իրենց անձնական տեղեկություններին: Apple-ը, Microsoft-ը, Facebook-ը և Google-ը այսուհետ կնախազգուշացնեն օգտատերերին այն մասին, որ իրենց տվյալները ցանկանում են ստանալ ԱՄՆ իշխանությունները: Yahoo-ն պատրաստվում է նույն քաղաքականությունը վարել 2014 թվականի հուլիսից։

 

Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ նման ծանուցումները կարգելվեն դատարանով կամ այլ պետական մարմիններով: Բացի այդ, ընկերությունների նման քաղաքականությունը չի վերաբերում օտարերկրյա հետախուզությանը հետևելու հարցով ԱՄՆ-ի դատարանի կողմից հավանություն ստացած դիմումներին, ինչպես նաև անձնական գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին Հետաքննությունների դաշնային բյուրոյից ստացված նամակ-պահանջներին, որոնք օրենքով գաղտնի են:

 

Ընկերությունների նման դիրքորոշումը տասնյակ հազարավոր ամերիկացի օգտատերերի, որոնց տվյալներն իշխանությունները գաղտնի կերպով օգտագործել են հանցագործությունների հետաքննության համար, հնարավորություն կտա դիմել դատարան։

ՏՏ ընկերությունները կտեղեկացնեն օգտատերերին ԱՄՆ-ի իշխանությունների հարցումների մասին. ԶԼՄ-ներ