Հանրապետականներն Օբամայից պահանջում են խիստ արձագանքել Պուտինի գործողություններին

14:48 • 02.05.14

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից մի խումբ սենատորներ պատրաստել են օրինագիծ, որը զգուշացնում է Ուկրաինայի և Եվրոպայի ու Եվրասիայի այլ երկրների դեմ ռուսական ագրեսիայի մասին։ Փաստաթուղթը նախատեսում է ԱՄՆ-ի ավելի խիստ արձագանքը Ռուսաստանի ներկայիս պահվածքին, հայտնում է Обозреватель-ը։

 

Ըստ օրինագծի հեղինակ սենատոր Բոբ Քորքերի՝ նախատեսվում է 3 ուղղությամբ մոտեցում՝ ամրապնդում ՆԱՏՕ-ի շրջանակում, խիստ պատժամիջոցներ՝ Ռուսաստանին հետ պահելու համար, և աջակցություն այն երկրներին, որոնք չեն մտնում ՆԱՏՕ-ի կազմի մեջ՝ Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան։

 

Մասնավորապես, ՆԱՏՕ-ի ամրապնդման համատեքստում օրինագիծն առաջարկում է էապես ավելացնել Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի զինված ուժերին աջակցությունը։

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա սենատորները պահանջում են ընդլայնել պատժամիջոցների շրջանակը։ Այդ ցուցակում նրանք առաջարկում են ներառել ռուսական 4 բանկ՝ Сбербанк, ВТБ, Внешэкономбанк և Газпромбанк, 3 էներգետիկ ընկերություն՝ «Газпром», «Роснефть» և «Новатек»։ Իրավիճակի հետագա սրման դեպքում նրանք առաջարկում են ավելի խիստ սահմանափակումներ ՌԴ տնտեսության ամբողջական ոլորտների նկատմամբ։

 

Բացի այդ, օրենքի նախագիծը լիազորում է ԱՄՆ նախագահին 100 մլն դոլար հատկացնել Ուկրաինային՝ որպես անմիջական ռազմական օգնություն։