Սլավյանսկում փորձել են գրավել «Մոսկվա-Մարիուպոլ» գնացքը. մի քանի օտարերկրյա լրագրող կորել է

15:25 • 02.05.14

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի կայարաններից մեկում գնացքի կանգնելու ժամանակ երկրի դաշնայնացման կողմնակիցները փորձել են գրավել այն, սակայն ուկրաինացի ուժայինները կարողացել են խոչընդոտել նրանց պլաններին, գրում է zn.ua-ն:

 

Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչուկը Facebook-ի իր էջում հայտնել է, որ անջատողականները փորձել են գրավել «Մոսկվա-Մարիուպոլ» ուղևորափոխադրող գնացքը:


Նրա տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան:

 

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդմամբ, որը վկայակոչում է «Նովոստի Դոնբասա» թերթին, Սլավյանսկում այսօր մի քանի օտարերկրյա լրագրող է կորել, մասնավորապես՝ ամերիկյան Buzzfeed-ի լրագրող Մայք Ջիլիոն և նրա թարգմանիչ Ելենա Գլազունովան:

 

Գլազունովան ընկերներին SMS է գրել. «Մեզ բռնել են անջատողականները» տեքստով: Ջիլիոն հասցրել է գործընկերներին հայտնել, որ իրեն և Գլազունովային ուղարկել են Սլավյանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրավված շենք:

 

Անջատողականների ներկայացուցիչն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ ռուսամետ ակտիվիստները չեն առևանգել նրանց։

 

«Նովոստի Դոնբասա» թերթի լրագրողը հայտնել է նաև, որ Դոնեցկի շրջանում կորել են SkyNews և CBS հեռուստաալիքների նկարահանող խմբերը։ Նրանց հետ կապը կորել է այն բանից հետո, երբ նրանք մտել են Դոնեցկի շրջանի Կոնստանտինովկա քաղաք։