Ուկրաինական բանակը Սլավյանսկում հատուկ գործողություն է իրականացնում

08:43 • 02.05.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումները վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկի վրա: Քաղաքի ծայրամասերում մարտեր են տեղի ունենում, այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակիցներին։


Նրանք պատմել են, որ գործողությունն իրականացվում է ավիացիայի ուղեկցությամբ, քաղաքում լսվում են պայթյուններ և կրակոցներ:


Ժամը մոտ 4:50-ին լրագրողները լսել են Սլավյանսկի վրայով թռչող ռազմական ինքնաթիռների ձայնը, Իզյումի կողմից շարժվել է հետևակի զրահապատ մեքենան և քաղաքում կրակոցներ են սկսվել:


Հաղորդվում է, որ ինքնաթիռները ռեակտիվ ռումբեր են նետում, քաղաքում տագնապի նշան է, որը բնակիչներին զգուշացնում է հատուկ գործողության սկսվելու մասին:


Հաղորդվում է, որ Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերը ուկրաինական երկու ինքնաթիռ են խփել, որոնք հարկադիր վայրէջք են կատարել:


Interfax.ru-ի փոխանցմամբ, Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել է, որ ինքնապաշտպանության ներկայացուցիչները գերի են վերցրել ինքնաթիռներից մեկի օդաչուին:
 

Սլավյանսկի անջատողականների առաջնորդներից մեկի խոսքերով՝ քաղաքն ամբողջությամբ արգելափակված է,
երկնքում 20 ինքնաթիռ է պտտվում, ծայրամասերում՝ հետևակ:


Կիևի իշխանությունները Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջ խնդիր են դրել արևելյան շրջաններում վերահսկողությունը վերականգնելու հարցը լուծել մինչև մայիսի 3: Հատուկ գործողությունը գլխավորում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, ում փոխանցվել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի պարտականությունները: