Սիրիայում 24 մարդ է գրանցվել՝ որպես երկրի նախագահի թեկնածու

09:43 • 02.05.14

Սիրիայում ավարտվել է երկրի պաշտոնին հավակնող անձանց գրանցումը, հայտնում է «Էխո Մոսկվին»: Նախօրեին երկրի նախագահ դառնալու ցանկություն էր հայտնել ևս 7 մարդ, և այժմ թեկնածուների թիվը 24 է։

 

Թեկնածուների թվում է նաև գործող նախագահ Բաշար ալ Ասադը: Առաջիկա 5 օրերին Սիրիայի խորհրդարանը կավարտի հայտերի ստուգումը՝ պարզելու՝ արդյոք դրանք համապատասխանում են պահանջներին: Վերջնական ցուցակը կհրապարակվի ամենաուշը երեքշաբթի օրը։

 

Հաջորդ շաբաթվա կեսին պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։

Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին միանգամից մի քանի թեկնածու է մասնակցելու: Մինչ այդ նախագահի ընտրությունն ավելի շատ նման էր իշխող կուսակցության միակ թեկնածուին վստահության քվե հայտնելուն։

Սիրիայի նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին: Բաշար ալ Ասադը երկրի նախագահն է 14 տարի: