ՊԵԿ-ը ֆիննախին միացվեց առանց հիմնավորման, դրա արդյունավետությունը կախված է համակարգի գործելաձևից. կարծիքներ

19:52 • 02.05.14

 Պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարությանը միացնելու՝ Կառավարության որոշումը տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար անհասկանալի է, քանի որ որևէ կերպ հիմնավորված չէ: Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ որոշումը հնարավոր կլինի մեկնաբանել, եթե իշխանության կողմից լինի որևէ բացատրություն:

 

«Իսկ առանց բացատրության, ուղղակի որպես փաստ արձանագրենք՝ ոչինչ չտվող որոշում է: Մեր կյանքում, հատկապես՝ Կառավարության կողմից իրականացրած փոփոխությունները ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ, որովհետև կառավարման համակարգն ամբողջական փոփոխության կարիք ունի: Քանի որ դա չկա, մնացածը դեկորատիվ փոփոխություններ են, որոնց չարժի էլ անդրադառնալ մասնագիտորեն»,-ասաց նա:

 

Հարցին, թե ամեն դեպքում՝ ճի՞շտ է համարում, որ ֆինանսական խնդիրներից բացի, նախարարությունը վերահսկողություն իրականացնի նաև հարկային ու մաքսային ճյուղերում, նա պատասխանեց.


«Ես չեմ խորանում այս հարցի մեջ, որովհետև հայտնի չէ որոշման մոտիվացիան: Ասենք՝ հիմա կարող են ֆիննախը միացնել սպորտի նախարարությանը. ինձ համար նույն արժեքն է ներկայացնում, որևէ նշանակություն չունի: Գուցե մի օր էլ վարչապետի պաշտոնը հանեն ու ասեն, որ երկրում լինի մի ղեկավար՝ հանձին Սերժ Սարգսյանի»,-ասաց նա:

 

Մեկ այլ տնտեսագետ՝ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ ոլորտի կառավարման տարբեր մոդելներ կան, բայց ամեն երկիր ինքը պետք է որոշի, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ ստվերային տնտեսության կրճատման, արդյունավետ հարկահավաքություն իրականացնելու համար:

 

«Կան երկրներ, հատկապես՝ անցումային տնտեսություն ունեցող, որ հարկային-մաքսային մարմինները միավորված են ֆինանսների նախարարությանը, կան երկրներ էլ, որ առանձնացված ստորաբաժանումներ են: Բայց կա նաև առաջավոր երկրների փորձը, հատկապես՝ ԵՄ անդամ երկրների, որը վկայում է, որ միավորումը նույնպես արդյունավետ է լինում, եթե ճիշտ է կազմակերպվում, քանի որ այս կառույցները գործում են նույն ոլորտում և այսպես թե այնպես համագործակցում են: Այստեղ չկան միանշանակ պատասխաններ, ամեն ինչ կախված է տվյալ երկրից»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա տնտեսագետը հիշեցրեց, որ նախկինում ՊԵԿ-ն ու ֆիննախը գործել են մի կառույցի ներսում, և որոշակի փորձ կա կուտակված, ինչի վրա հիմնվելով էլ պետք է իրականացվի աշխատանքը:

 

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված է նախ՝ ոլորտի աշխատակիցների բանիմացությունից և թե որքան արդյունավետ հնարավոր կլինի կազմակերպել այդ աշխատանքները: Հույս ունեմ, որ այս ամենի հիմքում որոշակի խնդիրներ կան, և ինքնանպատակ չի արվում»,-ասաց նա: