Սարսափելի տեսանյութը ցույց է տալիս տխրահռչակ «Սևոլ» նավի աշակերտների վերջին րոպեները (տեսանյութ)

12:18 • 02.05.14

Հարավային Կորեայի ափերի մոտ վերջերս խորտակված «Սևոլ» նավի 17-ամյա ուղևորն իր հեռախոսով տեսանյութ է նկարահանել, որը ցույց է տալիս նավում գտնվող մի քանի աշակերտների վերջին րոպեները: Փրկարարները գտել են հեռախոսը երիտասարդի մարմնի հետ, գրում է Los Angeles Times-ը:

 

Հարավկորեական «Սևոլ» նավը, որում գտնվել է 476 մարդ, որոնցից 325-ն էքսկուրսիայի ուղևորվող աշակերտներ էին, նավաբեկության էր ենթարկվել ապրիլի 16-ին: 213 հոգի մահացել է աղետի պատճառով, 81-ը համարվում է կորած:

 

Տեսանյութը նկարահանած տղայի հայրը փոխանցել է այն Associated Press գործակալությանը և տեղական ԶԼՄ-ներին: 15 րոպե տևողությամբ տեսանյութը խմբագրվել է, որպեսզի չերևան աշակերտների դեմքերը։

 

Տեսանյութում երևում է, որ երբ նավը սկսում է թեքվել, մի խումբ դեռահաս ուղևորներ չեն գիտակցում ողջ վտանգը և սկսում են կատակներ անել: Նրանք խոսում են տեսանյութը Facebook-ում հրապարակելու մասին և քննարկում են, թե արդյոք իրենց մասին կխոսեն լուրերով: «Հավես կլինի, երբ ջուրը լցվի ներս»,- ասում է մի տղա: Միևնույն ժամանակ լսվում է, թե ինչպես են բարձրախոսով հայտարարում մնալ տեղերում:

 

Որոշ ժամանակ անց, երբ թեքությունն ավելի է մեծանում, աշակերտները սկսում են իսկապես մտահոգվել: Նրանցից մեկը հարցնում է. «Ես իսկապե՞ս մահանալու եմ»: Ժամը 9-ի մոտակայքում երեխաներից մեկն ասում է. «Ես վախենում եմ շատ, շատ: Ի՞նչ է նավապետն անում»: Աշակերտներից մեկն ասում է, որ կարծես «Տիտանիկը» լինի և սկսում է երգել «Տիտանիկ» ֆիլմի հայտնի երգը։

 

Մեկը փորձում է հեռախոսով զանգ կատարել և տեսնում է, որ կապ չկա: «Կարծում եմ՝ պետք է մահանալուց առաջ վերջին խոսքերս ասեմ»,- ասում է նա կատակով: «Մամ, պապ, ես ձեզ սիրում եմ»,- ասում է մյուսը։

 

Տեսանյութը ձայնագրող տղան ասում է, որ իր ոտքերը դողում են և որ սրտխառնոց ունի: