Նոր մեդիան և լրագրողների ինքնակարգավորումը. մամուլի ազատության ապագան Հայաստանում. կարծիքներ
Մամուլի ազատության օրվա առթիվ Tert.am-ը զրուցեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի և «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանի հետ՝ հետաքրքրվելով, թե երկրում ինչ խնդիրներ են ծառացած մամուլի ազատության առջև և թե զարգացման ինչ հեռանկարներ են իրենք տեսնում:
Շուշան Դոյդոյանի խոսքով՝ ընդհանրապես խոսքի ազատությունը բոլոր երկրներում էլ գոյություն չունի այնպես, ինչպես իրենք են ուզում տեսնել, որովհետև այո՛, կան քաղաքական և տնտեսական գործոններ, որոք իրենց ազդեցությունն են թողնում մամուլի ազատության վրա:
«Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ մենք փորձում ենք անընդհատ շոշափել ինքնակարգավորման հարցը, և եթե լրագրողներն ինքնակարգավորվեն, հնարավոր կլինի խուսափել շատ խնդիրներից»,-ասաց նա:
«Այդպիսով լրագրողները կարող են խուսափել դատական քաշքշուկներից, պատասխանատվություններից, մեծ ֆինանսական փոխհատուցումներից, որոնք այսօր դրվում են լրատվամիջոնցերի վրա, և այս ամբողջ խնդիրների լուծումը ես տեսնում եմ լրագրողների ինքնակարգավորման մեջ»,-ավելացրեց Շուշան Դոյդոյանը։
Վերջինիս ներկայացմամբ՝ առանձին լրագրողներ համաձայն են այդ տեսակետի հետ, բայց քանի որ լրատվամիջոցն է գտնվում քաղաքական, տնտեսական ճնշումների ներքո, դա դառնում է անհնար:
Հարցին, թե կառավարության կազմի փոփոխությամբ ինչ կշահի խոսքի ազատությունը՝ հաշվի առնելով հնչող տեսակետերը, թե նոր կառավարությունը համալրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերով, ում օրոք երկրում խոսքի ազատության խնդիր կար, Շուշան Դոյդոյանը պատասխանեց՝ ասելով, որ ինքը դրանից միայն վատ կանխատեսումներ է անում։
«Որովհետև Հայաստանը լուրջ պարտավորություններ է ստանձնել բաց կառավարման գործընկերության առջև, ունենք ամրագրված փաստաթղթեր, բայց ես արդեն դրանց հնարավոր կատարումը կառավարության կողմից դնում եմ լուրջ հարցականի տակ»,-ընդգծեց նա:
Շուշան Դոյդոյանը նաև նշեց, որ իրենք իրենց կողմից անելու են ամեն ինչ, որպեսզի դրանք իրականություն դառնան, բայց մյուս կողմից պետք է տեսնեն համարժեք արձագանք, որն առայժմ ինքը շատ բացասական է գնահատում։
«Որովհետև այն դեմքերը, որոնք այսօր եկան, ես չտեսա այն թարմ դեմքերին և փոփոխությունները, որոնք իշխանություններն էին խոստացել, և իրենց կառավարման ժամանակ իրենց կառույցներում, ես չեմ արձանագրել խոսքի ազատություն, հետևաբար չունենք նախադեպ, որի վրա հիմնվելով լավ կանխատեսումներ անենք»,-բացատրեց նա:
Շուշան Դոյդոյանը հիշեցրեց, որ նույն ԱԺ-ի դեմ, երբ ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր նախագահ, կա դատական գործընթաց կրկին ոչ թափանցիկ աշխատանքի համար:
Նրա խոսքով՝ ներկա պայմաններում մամուլը մեր կյանքի արտացոլումն է, և այն ավելի լավը չի կարող լինել, քան երկրի կառավարությունն է: «Բայց ես նաև կարծում եմ, որ լրագրողներն այն առաջամարտիկներն են, որոնք պետք է կյանքը տանեն իրենց ետևից: Եվ մամուլը՝ որպես չորրորդ իշխանություն, կարող է լուրջ փոփոխություններ կատարել նաև մյուս իշխանություններում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այսօրվա մամուլում, սակայն, ինքն այդ ծիլերը չի տեսնում:
Աշոտ Մելիքյանից էլ հետաքրքրվեցինք, թե արդյոք Հայաստանում այսօր այլ ոլորտների նման ԶԼՄ-ների ոլորտը նույնպես չի մոնոպոլացվում, ինչի ի պատասխան նա ասաց, որ հեռարձակման ոլորտում այդ գործընթացն ակնհայտ է, ինչը շատ ցավալի է:
«Ես կարծում եմ, որ հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ զարգացում կլինի ինտերնետ ոլորտում: Առայժմ շատ լավ է ընթանում այդ գործընթացը, որովհետև նոր մեդիաները արդեն շատ լուրջ հարթակ են հանդիսանում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրավիճակը մի փոքր կբարելավվի այն առումով, որ ներքին մրցակցային մթնոլորտ կստեղծվի:
Լսարանը գնալով միգրացիա կկատարի ավանդական լրատվամիջոցներից դեպի նոր մեդիաներ և, ինչպես Աշոտ Մելիքյանը նշեց, այդ մոնոպոլացման իմաստը արդեն կկորի. «Իսկ առհասարակ, այդ մոնոպոլացման պրոցեսը բերում է բազմազանության նվազմանը, այնպես որ ես՝ որպես փորձագետ, ամբողջ հույսս հիմա կապում եմ նոր մեդիաների զարգացման հետ»:
Երկրի ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում խոսքի ազատության մասին խոսելը նա համարում է անհրաժեշտ՝ գտնելով, որ եթե մի բանից ձեռ ես քաշում և ասում, որ չի կայանա, ապա դա գործունեության լայն դաշտ է բացում այն մարդկանց համար, ովքեր տարբեր միջոցներով փորձում են ազդեցություն ունենալ ոլորտի վրա:
«Այնուամենայնիվ, մեզանում խոսքի ազատության իրավիճակը բարելավվելի է, և դա ուղղակի ժամանակի հարց է»,-եզրափակեց նա:










