Սոցիոլոգը կարծում է, թե ՀՀ-ն բավականին հեռուն է գնացել մամուլի ազատության հարցում, ըստ գրաքննադատի՝ մամուլն անդեմ է
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով մամուլի ազատության մասին, տարբեր տեսակետներ հայտնեցին. սոցիոլոգը կարծում է, թե Հայաստանում մամուլն ազատ է, իսկ գրաքննադատը՝ ոչ:
«Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից 77-րդ տեղն է զբաղեցնում՝ 175 երկրների մեջ: Վերջին տասը տարիների ընթացքում 77-րդ տեղում ենք: Թեև ԱՊՀ շատ երկրներից բավական առաջ ենք, բայց դեռ շատ անելիքներ ունենք»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Վերջինս ասաց նաև, թե աշխարհում չկա ընդդիմադիր հեռուստաընկերություն, Հայաստանում՝ կա: Ուրեմն, ըստ սոցիոլոգի, մենք իսկապես ազատության չափանիշը լրիվ անցել ենք:
«Որպես սոցիոլոգի, ինձ այդքան չի հետաքրքրում բազմակարծությունը, որքան այն, թե որքանով են ԶԼՄ-ները ներազդում սոցիալական ոլորտի կարծիքի ձևավորմանը»,-նշեց սոցիոլոգը։
«Հայաստանի դատախազությունը պարտավոր է բոլոր այն հանցավոր դեպքերի մասին, որ նշում է մամուլը, սկսի հետաքննություն: Բայց չենք կարող հիշել մի դեպք, երբ մամուլի հրապարակումների հետևանքով դատախազությունը գործ հարուցած լինի: Եթե չկա ժողովրդավարություն, չկա ժողովրդի կողմից իշխանություն, ապա իշխանավորներն ասում են՝ թքած ունենք, ինչ ուզում են՝ թող գրեն»,-հավելեց նա:
Հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ մամուլում հաճախ քաղաքական գործիչների մասին գրում են նրանց մականուններով՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց, թե Արևմուտքում քաղաքական դաշտում մականուն ունենալը համարվում է առավելություն և բրենդ:
«Պետք է հասկանալ, թե մականունը գրելով՝ հո նրան չե՞նք վիրավորում: Պետք է մոտենալ և հարցնել, թե՝ Ձեր մականունը նշելով՝ հո Ձեզ չե՞նք վիրավորում»,-ասաց սոցիոլոգը:
Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, թե անկախ վարկանիշից, ԶԼՄ-ների շատ կարևոր գործառույթներ կան, որոնք Հայաստանում չեն պահպանվում:
«Հայաստանում, ըստ էության չկան ազատ լրատվամիջոցներ և ազատ մամուլ: Նույնիսկ ընդդիմադիր դաշտում գործող լրատվամիջոցները, որոնք հաճախ հանդես են գալիս իշխանություններին քննադատելով, դրանց ետևում էլ կան իշխանության վերևում կանգնած մարդիկ»,-նշեց Արքմենիկ Նիկողոսյանը՝ ավելացնելով, թե այն թվացյալ ազատությունը, որ այսօր ունենք մամուլում, դա էլ պատվիրված ազատություն է:
Արքմենիկ Նիկողոսյանը նաև կարծիք հայտնեց, թե ազատությունը և չազատությունը պայմանավորված է նաև խմբագիրների «գրաքննիչով»: Այսօր մամուլն անդեմացել է»,-ասաց նա։










