Կիևը չի պատրաստվում դադարեցնել հատուկ գործողության ակտիվ փուլը. Ավակով

09:29 • 03.05.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ երկրի նոր իշխանությունները մտադիր չեն դադարեցնել հատուկ գործողությունների ակտիվ փուլը Կրամատորսկ (Դոնեցկի շրջան) քաղաքում, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Օպերացիայի ակտիվ փուլը շարունակվել է լուսաբացին. կանգ չենք առնում»,-գրել է Ավակովը Facebook սոցկայքի իր էջում։


Պաշտոնյան նաև հավելել է, որ գիշերը Կրամատորսկում Ազգային գվարդիայի մարտիկների և Ուկրաինայի զինված ուժերի իրականացրած օպերացիայի արդյունքում հետ է գրավվել հեռուստատեսային աշտարակը։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին Կրամատորսկ քաղաքում բախումներ են սկսվել, երբ երկրի դաշնայնացման կողմնակիցների կողմից արգելափակված ուկրաինական զրահատեխնիկայի ավտոշարասյունը որոշել է գրոհի անցնել։ Զինվորները, կորցնելով համբերությունը, սկսել են սկզբում օդ կրակել, իսկ հետո նրանց, ովքեր փորձել են դադարեցնել կրակահերթը։
Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածքներ ստացել՝ 10-ը։