Հարավային Կորեայից մոտ 200.000 թռուցիկ է ուղարկվել Հս. Կորեա՝ Կիմ Չեն Ընի ռեժիմի քննադատությամբ
Հարավկորեացի իրավապաշտպանները շաբաթ օրը ԿԺԴՀ-ի իշխող ռեժիմը տապալելու կոչերով թռուցիկներով լի փուչիկներ են բաց թողել, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով Սեուլի ԶԼՄ-ներին: Քամու միջոցով սահմանն անցած թռուցիկների վրա գրված է, որ «պետք է վերացնել Կիմ Չեն Ընի՝ ժառանգաբար փոխանցվող դիկտատուրան»: Արշավը կազմակերպել է ԿԺԴՀ-ից փախած քաղաքացի:
Փաթեթների մեջ բացի մոտ 200.000 թռուցիկներից եղել է 2.000 հատ ամերիկյան 1-դոլարանոց թղթադրամ, 400 DVD, որոնք պատմում են Փհենյանի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին, և 300 բուկլետ, որոնք պատմում են Հարավային Կորեայի տնտեսական բարգավաճման մասին։
Փետրվարին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների պաշտոնյաները պայմանավորվել են դադարեցնել Սեուլի և Փհենյանի միջև լեզվակռիվը, սակայն այդ համաձայնությունը շուտով խախտվել է առաջնորդների հասցեին փոխադարձ մեղադրանքներով։










