Լրագրության մասնագիտական որակը որոշ ԶԼՄ-ներում իջել է «պլենդուսային» մակարդակի. թատերագետ

13:25 • 03.05.14

Թատերագետ Լևոն Մութաֆյանի կարծիքով` հայաստանյան մամուլը, սովետական մամուլի հետ համեմատած, համեմատաբար ազատ է: «Սակայն մենք այսօր մասնագիտական որակավորման խնդիր ունենք՝ համեմատած սովետական մամուլի հետ»,-խոսելով Հայաստանում մամուլի ազատության մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց Լևոն Մութաֆյանը:

Նրա կարծիքով՝ լրագրության մասնագիտական որակը, որոշ լրատվամիջոցներում իջել է «պլենդուսային» մակարդակի, քանի որ այսօր, ով ուզենա, ազատորեն կարող է մտնել լրատվական դաշտ, ինչն էլ իր հերթին բերում է անհետաքրքրության և որակի բացակայության:

Թատերագետը ձեռքբերում է համարում այն, որ Հայաստանը տարածաշրջանում համարվում է մամուլի հարցում ամենաազատ երկիրը, որտեղ, ըստ նրա, լրագրողի ազատ մտածողությունը մասնակի աղավաղումներով տեղ է գտնում մամուլում:

«Մեծամասամբ մեր լրատվամիջոցները կախված են այս կամ այն վճարողից: Մի կողմից պատվիրատուի առկայությունը տալիս է իր դրական պատկերը, մյուս կողմից էլ՝ պատվիրատուների մեջ կան կուսակցական դեմքեր, ովքեր քաղաքական պատվերներ են իջեցնում»,-հայտարարեց Լևոն Մութաֆյանը՝ շարունակելով, թե այդուհանդերձ, մեր լրատվական դաշտն այսօր ազատ է 55-60 տոկոսով:

Ինչ վերաբերվում է տպագիր մամուլին, ապա բանախոսի համոզմամբ՝ Հայաստանում ապրում ենք տպագիր մամուլի կործանման ժամանակաշրջան: Նրա խոսքով՝ տպագիր մամուլը կարևորագույն տեղ ունի լրատվական դաշտում, հասարակական, քաղաքական մտածողության մեջ:

«Շատերն այսօր հեռուստաեթերը գերադասում են տպագիր մամուլից, քանի որ մեկ-երկու րոպե իրենց սֆաթը էկրանից տեսնելով՝ իրենց ավելի լավ են զգում, քան առավոտյան մի բաժակ սուրճի հետ օրվա մամուլին ծանոթանալով»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անել, որպեսզի հանրության շրջանում մամուլի նկատմամբ վստահությունը վերականգնվի՝ Լևոն Մութաֆյանն ասաց, թե դրա համար պետք է գնալ քաղաքական և տնտեսական վերլուծությունների ճանապարհով:

«Այս ժանրերը դուրս են մնացել մեր մամուլից: Կարևոր է նաև, որ հրաժարվենք սկանդալային լրատվությունից, դա ընդամենը րոպեների կյանք ունենցող լրատվություն է: Ո՞ւմ է հետաքրքիր, թե Շուշան Պետրոսյանը բարկացել է, Սիրուշոն երեխայի է սպասում, կամ էլ՝ Քիմ Քարդաշյանի կրծկալը: Ինչ ուզում են՝ թող անեն, ո՞ւմ է դա հետաքրքիր»,-եզրափակեց թատերագետը: