Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարված. ԱՄՆ-ն կոչ է արել Կիևին պատժել մեղավորներին (լուսանկարներ)

10:55 • 03.05.14

Մայիսի 3-ին, 4-ին, 5-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում սուգ է հայտարարված՝ կապված մայիսի 2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ, որոնց հետևանքով, նախնական տվյալների համաձայն, մահացել է 40-ից ավելի մարդ: Այդ մասին ասված է քաղաքի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է Взгляд-ը:

 

Այս օրերին քաղաքում դրոշները կիջեցվեն։ Հաստատություններին խորհուրդ է տրվել սահմանափակել երաժշտության օգտագործումը և տարբեր միջոցառումների անցկացումը։

 

ԱՄՆ-ն կոչ է արել Կիևին պատժել Օդեսայում մարդկանց մահվան համար մեղավորներին: ԱՄՆ-ն անընդունելի է համարում բռնությունը, որն Օդեսայում հանգեցրել է տասնյակ մարդկանց մահվան, հայտարարել է պետքարտուղարի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

 

«Բռնությունը, որը հանգեցրել է այդքան անիմաստ մահերի, անընդունելի է: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին համատեղ վերականգնել հանգստությունը, օրինականությունն ու կարգը, մենք կոչ ենք անում ուկրաինական իշխանություններին անցկացնել ամբողջական հետաքննություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասել է Հարֆը:

 

УНИАН-ի փոխանցմամբ՝ մայիսի 2-ին Օդեսայում տեղի են ունեցել բախումներ անջատողականների և «Եվրամայդանի» կողմնակիցների միջև, որի հետևանքով մի քանի ակտիվիստ է մահացել: Այնուհետ միասնական Ուկրաինայի աջակիցները ոչնչացրել են անջատողականների ճամբարը, որոնք բարիկադավորվել էին Արհմիությունների շենքում: Շենքում հրդեհ է սկսվել, որի հետևանքով մարդիկ են մահացել:

 

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Արհմիությունների շենքում հրդեհի պատճառով 31 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ բախումների ժամանակ մահացել է 43 մարդ, հիվանդանոց բուժօգնության համար դիմել է 170-ից ավելի մարդ, որոնցից 25-ը ծանր վիճակում է: