Սլավյանսկում ազատ են արձակվել ԵԱՀԿ դիտորդները. Ուկրաինան Ռուսաստանի ներգրավվածության մասին ապացույցներ է ներկայացրել (տեսանյութ)

12:52 • 03.05.14

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում ազատ են արձակվել ԵԱՀԿ-ի օտարերկրյա ռազմական դիտորդները: Այդ մասին ria.ru-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը:

«Ազատ են արձակել բոլոր 12 մարդկանց, ովքեր կային իմ ցուցակում»,- հայտարարել է նա գործակալությանը:

 

Լուկինը Սլավյանսկ է ժամանել մայիսի 2-ին ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդներին ազատ արձակելու մասին բանակցություններ անցկացնելու նպատակով: Լույս մայիսի 3-ին ռուսամետ ակտիվիստները հայտարարել են, որ պատրաստ են բաց թողնել Եվրոպայից միջազգային դիտորդներին և նրանց փոխանցել Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինին։ Այդ մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Ընդ որում՝ նրանց պայմանն այն էր, որ Լուկինի հետ չլինեն այլ օտարերկրյա ներկայացուցիչներ:

 

Միջազգային ռազմական դիտորդները (8 մարդ. Գերմանիայի 4 քաղաքացի և մեկական ներկայացուցիչ Շվեդիայից, Չեխիայից, Լեհաստանից և Դանիայից) և նրանց ուղեկցող ուկրաինացի սպաները գերի էին վերցվել ապրիլի 25-ին:

 

Միևնույն ժամանակ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ապացույցներ է ներկայացրել, որ ԵԱՀԿ-ի դիտորդների պատանդառության գործողությունը համակարգել է և իրավիճակի վրա անմիջական ազդեցություն է ունեցել ռուսական կողմը: Այդ մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

 

Անվտանգության ծառայությունը ներկայացրել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինի և «Ստրելկա» զինված խմբի ղեկավար Իգոր Գիրկինի հեռախոսազրույցը, որը վկայում է, որ «ռուսական կողմը համակարգել է գրոհայինների գործողությունները և անմիջական ազդեցություն ունեցել նրանց որոշումների վրա»։