Մերիլենդի ոստիկանությունը մարմնավաճառության դեմ կպայքարի Twitter-ի միջոցով
Ամերիկյան Մերիլենդ նահանգի Փրինս Ջորջես շրջանի ոստիկանությունը որոշել է Twitter սոցկայքի միջոցով հեռարձակել մարմնավաճառության դեմ պայքարին ուղղված օպերացիաները, հայտնում է Лента-ն։
«Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես է ոստիկանությունը պայքարում աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկի դեմ։ Կասկածյալների լուսանկարներն ու նրանց մասին տեղեկությունները կտեղադրվեն Twitter-ում։ Մեր կարծիքով՝ այս առաջադեմ ու աննախադեպ մեթոդը կարող է նախազգուշացնել բոլոր պոտենցիալ իրավախախտներին, որ նման պահվածքն անընդունելի է մեր շրջանում»,- նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Սակայն համացանցի որոշ օգտատերերի կարծիքով՝ մարմնավաճառության դեմ պայքարում սոցկայքի ներգրավվումը էթիկայի տեսանկյունից ընդունելի չէ։ Հաղորդվում է նաև, որ օպերացիայի մեկնարկը կտրվի արդեն եկող շաբաթ։










