Ուկրաինային նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում համաձայնության հասնել չի հաջողվել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվող դեպքերին նվիրված արտահերթ նիստում ՌԴ-ն ներկայացրել է այդ երկրում բռնությունները դատապարտող նախագիծ, սակայն արևմտյան երկրների պատվիրակությունները դրանում իրենց փոփոխություններն են ներկայացրել, և արդյունքում՝ համաձայնության հասնել չի հաջողվել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով կառույցում դիվանագիտական աղբյուրի։
Նիստից հետո Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայել Գրանտն ասել է լրագրողներին, որ Ռուսաստանի ներկայացրած փաստաթուղթը պետք է ներառի «սպանությունների, առևանգումների և շենքերի գրավման դեպքերի դատապարտում»։
Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան ուկրաինացի զինվորականները սկսել են հատուկ գործողություն իրականացնել Սլավյանսկ քաղաքում՝ ավիացիայի և զրահապատ մեքենաների կիրառմամբ։ Հաղորդվում է երկու կողմերից զոհերի մասին։
Ուկրաինայի հարավ-արևելքում բողոքի ցույցեր են անցկացվում՝ երկրի դաշնայնացման պահանջով։










