Լուգանսկում ռուսամետ ուժերը զինկոմիսարիատի շենք են գրավել (տեսանյութ)
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ռուսամետ ուժերը գրավել են Լենինի շրջանի զինկոմիսարիատի շենքը. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Զինծառայողներից առգրավված զենքերը փոխանցվել են «Բերկուտ» հատուկ ջոկատի վերահսկողությանը, որը գործել է «Հակամայդանի» ակտիվիստների կողքին։ Լուգանսկի ինքնապաշտպանության ուժերի մարտիկներից մեկը զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։
Զինկոմիսարիատի գրոհը սկսվել է երեկ երեկոյան։ Շենքը գրավելու համար օգտագործվել են զենքեր և Մոլոտովյան կոկտեյլներ։ Հաղորդվում է, որ զինծառայողները կրակ են բացել շենքը շրջափակած տեղաբնակների ուղղությամբ, երբ հասկացել են, որ հարձակում է նախապատրաստվում։
Հաղորդվում է նաև, որ շենքի գրավմանը մասնակցել են ինքնաձիգներով զինված մարդիկ, որոնց համազգեստին ռուսական դրոշ է եղել։
Նախ Ազգային գվարդիայի մարտիկներին հաջողվել է հետ մղել հարձակումը, սակայն ավելի ուշ շենքը գրավել են ռուսամետ ակտիվիստները։
Գրավումից հետո բոլոր զինվորներին հանել են և տարել անհայտ ուղղությամբ։ Հայտնի է միայն, որ նրանցից մեկը փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է։










