Մենք երբեք չենք հրաժարվել «և,և» քաղաքականությունից. Արմեն Աշոտյան
Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր ձևերի ու օրակարգի մասին առավել նպատակային քննարկումներ կարող են լինել Եվրախորհրդարանի ընտրություններից անմիջապես հետո: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կրկին փորձում է գնալ «և,և» քաղաքականության ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն բարձր մակարդակով չմասնակցեց ապրիլի 29-ին Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին:
«Եվրոպական միության հետ համագործակցության բազմաթիվ ուղղություններ ու հարթություններ գոյություն ունեն. մենք Եվրոպական միության Ասոցացման նախկին համաձայնագրի տեքստի շրջանակում ունենք բազմաթիվ լավ գաղափարներ, որոնք քաղաքական ցանկության պարագայում վստահաբար կարող են իրականացվել ԵՄ աջակցությամբ... Եվրախորհրդարանի ընտրություններից հետո կձևավորվի Եվրոպական նոր հանձնաժողովը, որից հետո, բնականաբար, մենք կարող ենք առավել հստակ քայլերով մեր հին ու նոր գործընկերների հետ ծավալել բովանդակային խոսակցություն և աշխատանքներ իրականացնել»,- ասաց նա։
Որպես կրթության և գիտության նախարար՝ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ իր կողմից ղեկավարվող ոլորտում որևէ ծրագիր ոչ միայն չի պակասեցվել կամ փակվել, այլ նաև ԵՄ անդամ երկրների հետ նոր նախաձեռնություններ են իրականացվում:
Դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ դեպի Մաքսային միություն տանող դուռը փակվեց և այդ պատճառով ՀՀ-ն սկսեց կրկին առաջ քաշել ԵՄ-ի հետ հարաբերություները զարգացնելու հարցը, Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ինքը չի պատկանում այն քաղաքական գործիչների թվին, որոնք աշխարհաքաղաքական զարգացումները հաշվարկում կամ գնահատում են փակված դռների կամ լուսամուտների տեսքով։
Հարցին, թե ամեն դեպքում ինչու հիմա, երբ կարծես խնդիրներ են առաջացել ՄՄ-ին անդամակցության հարցում Հայաստանը կրկին սկսեց արծարծել «և,և» քաղաքականության գաղափարը, պատասխանեց.«Մենք երբեք չեն հրաժարվել այդ քաղաքականությունից, անգամ երբ ԵՄ պաշտոնյաները պնդում էին, որ այդ քաղաքականությունը հնարավոր չէ իրականացնել։ Այդ ժամանակ ևս մենք ասում էինք, որ հնարավոր է»- ասաց նա:
Նախարարը հիշեցրեց, որ առաջատար եվրոպական երկրների արտգործնախարարները՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, մի քանի շաբաթ առաջ համատեղ հայտարարությամբ ընդունեցին իրենց «քաղաքական սխալ հաշվարկը և ընդունեցին, որ կոշտ քաղաքականություն էին վարում Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ, ինչի հետևանք էին նաև Ուկրաինայի դեպքերը»:
«Ոչ մի նոր բան մենք չենք ասել, անգամ եվրոպական բարձրաստիճան չինովնիկների ամենակոշտ հայտարարության պարագայում, մենք ասում էինք, որ չենք հրաժարվում ԵՄ-ի հետ համատեղ օրակարգի մշակումից և վստահ ենք, որ ԵՄ-ի հետ մեր աշխատանքը չի կարող սահմանափակվել միայն տեխնիկական նորմատիվներով, մաքսատուրքերով և ինչ-որ ստանդարտներով»,- ասաց նա։
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ԵՄ-ն արժեհամակարգային տարածք է, և Հայաստանը մաս է կազմում եվրոպական քաղաքակրթության՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչպիսի միավորումների մեջ է մտնում։
«ԵՄ-ն ամբողջական Եվրոպան չէ, և այս տեսանկյունից Հայաստանը իր եվրոպական ինքնությունը ոչ միայն չի կորցրել, այլ նաև զարգացնում է»,- ասաց նա
Հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանն այդպես էլ չանդամակցի որևէ տնտեսական միության, Արմեն Աշոտյանը պատասխանեց հումորով.«Շնորհակալ եմ, որ Ձեր հարցը չէր տարածվում Ասիա և Խաղաղ օվկիանոս ռեգիոնների վրա»,- ասաց նա։










