Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումները կազդեն տնտեսության վրա. Աջեմօղլու
Պոլսահայ հայտնի տնտեսագետ, պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուի համոզմամբ՝ մամուլի վրա ճնշումները կարող են բացասաբար ազդել Թուրքիայի տնտեսության վրա։ Այդ մասին նա ասել է Radikal-ին տված հարցազրույցում։
«Մեդիայի վրա ճնշումների առկայության պատճառով ներդրողները ձեզ միանգամից չեն լքի, սակայն նման զարգացումը Թուրքիայում գործող կազմակերպությունների համար ազդանշան կլինի և լուրջ տնտեսական հետևանքներ կունենա»,- ասել է նա։
Նա անդրադարձել է նաև Twitter-ը, YouTube-ն արգելափակելու, լրագրողներին ազատազրկելու, ամենափոքր ցույցերն անգամ արցունքաբեր գազով ցրելու թուրքական իրողությանը։
Աջեմօղլուն նշել է, որ այդ իրադարձություններից հետո Թուրքիայից արտասահմանյան ներդրողները չհեռացան, և գործարար կյանքը շարունակվեց առաջվա նման։
«Մեդիայում ճնշումների կամ լրագրողների բանտարկությունների համար նրանք ձեզ անմիջապես չեն լքի։ Սակայն նման զարգացումներն ազդանշան կդառնան և խոր տնտեսական հետք կթողնեն։ Նախ ներդրողները կսկսեն անհանգստանալ նման զարգացումներից, սակայն երբ նայում ես պահանջարկի և սպառման ռազմավարությանը, Թուրքիան այդ օտարերկրյա ներդրողների կարիքն ունի»,-ասել է նա։










