Պարտքացուցակները սպասում են խոպանչիներին. սահմանամերձ Այգեպարում խանութը հարկվում է նույն կերպ, ինչ Երևանում (տեսանյութ)

22:45 • 05.05.14

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի փոքրիկ կրպակի, Բերդ քաղաքի միջին չափի խանութի և մայրաքաղաք Երևանի հսկայական սուպերմարկետներից ինչ-որ մեկի միջև տարբերությունները բազմաթիվ են, և համեմատության եզրեր գտնելը չափազանց դժվար է, սակայն մեկ նմանություն, այնուամենայնիվ, կա. որպես բիզնես՝ սրանք բոլորը հարկվում են նույն հարկատեսակով:

 

«Հա՛մ Երևանում են նույն հարկը վճարում, հա՛մ էստեղ: Իսկ էստեղ առևտուրը ո՞րն ա, հեսա պարտքացուցակը, մարդու էրեխեն սոված ա, գալիս են ուզում, ո՞նց չտամ, առնում են, ասում, որ գնան Ռուսաստան, աշխատեն, կուղարկեն»,-Tert.am-ի հետ զրուցում ասաց այգեպարցի անհատ ձեռներեց, երկու երեխաների հայր Անատոլի Գրիգորյանը, ով գյուղում փոքրիկ կրպակ է հիմնել և զբաղվում է մանրածախ առևտրով:

 

Ողջ գյուղն իրեն է պարտք է, իսկ ինքը՝ առաքիչներին. «Ես էլ եմ պարտքով վերցնում, ես էլ առաքիչներից եմ վերցնում, հաջորդ շաբաթ գալիս են, փողը տալիս եմ»:

 

Անատոլին նշում է, որ եթե գոնե փոքր արտոնություններ տան իրենց, մարդիկ չեն թողնի ու գնան, իսկ այսօր ով մի փոքր հնարավորություն է ունենում, գնում է, ժողովրդի ձեռքին գումար չկա:

 

 

Այդքանով հանդերձ՝ այգեպարցի խանութպանը փորձում է ամեն կերպ մնալ իր երկրում, իր երեխաների կողքին, բայց՝ արտասահմանում ապրող բարեկամների աջակցությամբ. «Ինձ համար դա կյանք չի, ես մի անգամ գնացել եմ, էրեխեքն ամեն օր զանգում էին, թե՝ պապա´, ե՞րբ ես գալիս, դե՝ տենց կյանք կլինի՞»:

 

Բոլորն էլ ստիպված են գնում գյուղից, ոչ ոք չի ցանկանում իր երեխային թողնել ու գնալ, և ինչպես մեր զրուցակիցը նկատեց՝ տուժում է պետությունը, իր բիզնեսն էլ մեռնում է. «Իմ բիզնեսի զարգանալը կախված է ժողովրդից, ես վաղն էլ կարամ մեկ միլիոնի ապրանք բերեմ, էստեղ լցնեմ, բայց բերելու եմ ու մնամ պարտքի տակ, ժողովրդի ձեռքին որ փող չեղավ, ինչպե՞ս են առնելու էդ ապրանքը»:

 

Խոսելով իր եկամուտների մասին՝ Անատոլին ավելացրեց. «Փոքր երեխաս որ մտնում, մի սնիկերս ու ծամոն է վերցնում, դրա գումարն ա հանում սա, սրանով ընտանիք չես կարա պահես, մեզ էլ որ դրսից չօգնեն, մենք էլ չենք կարող ապրել»:

 

Հարկային բեռի մասին մեզ հետ զրույցում իր դժգոհությունը ներկայացրեց նաև Բերդի խանութներից մեկի սեփականատեր-վաճառող Արմինե Ասրյանը, ով արդեն 15 տարի է՝ այդ խանութն աշխատեցնում է և մինչ այսօր մեկ քառակուսի մետրով անգամ իր խանութի տարածքը չի ընդլայնել:


«Առանց որևէ տարբերության՝ մենք մուծում ենք նույն հարկը, ինչ Երևանում և մնացած ոչ սահմանամերձ բնակավայրերում»,-ասաց նա:

 

Արմիների ընտանեկան բիզնեսը ևս 15 տարի շարունակ չի ընդլայնվել: Խանութում պարտքացուցակ էլ, ինչպես ինքն ասաց, անպայման ունեն, սակայն հույս չունեն, որ այդ գումարները երբևէ կստանան. «Մարդիկ վճարունակ չեն, գնում են էստեղից, առևտուր անող չի մնում»:

 

Նշենք, որ մեր զրուցակիցները նաև հիշեցրին, որ ամիսներ առաջ ՀՀ Կառավարություն է ներկայացվել սահմանամերձ գյուղերի ՓՄՁ-ներին հարկային բեռից ազատելու մասին նախագիծ, ինչը սակայն, մերժվել է. նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատճառաբանել է, թե ՓՄՁ-ների մասով իրենք ուրիշ ռազմավարություն են մշակում, բացի այդ՝ ասել է, որ նման քայլը երկրում անհավասար մրցակցություն կստեղծի:

 

Այցելությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր և զորամաս կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: