Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի. ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն

14:20 • 05.05.14

Մայիսի 5-6-ին Երևանում անց է կացվում «Հավաքական ինքնապաշտպանություն: Քաղաքական խնդիրներ և իրավական ասպեկտներ» խորագրով միջազգային գիտա-գործնական գիտաժողովը, որի արդիականության մասին Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե գիտաժողովը հրատապ է այնքանով, որքանով որ այսօր աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում կան անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող իրադարձություններ:

«Սա կարևոր է հետագա հավաքական ինքնապաշտպանական միջոցառումների իրականացման ժամանակ, հաշվի առնելով բոլոր այն քաղաքական և իրավական հարցերը, որոնք կարող են առաջանալ և որոնք կարող են հետագայում խանգարել արդյունավետ ինքնապաշտպանություն կամ այլ կերպ ասած՝ անվտանգություն ապահովելու հարցում»,-ասաց Նվեր Թորոսյանը՝ շարունակելով, թե գիտաժողովի օրը պատահական չէ ընտրված, քանի որ մայիսյան մեծ տոները ևս մեկ անգամ մեզ հիշեցնում են, որ ոչ այնքան հեռու անցյալում տեղի ունեցած իրադարձություններն այսօր կարծես նորից հասունանում են:

Նվեր Թորոսյանն ասաց, որ նկատի ունի ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, այլ նաև՝ Շուշիի ազատագրումը, և առավել ևս այն, որ նորից հարևան պետության կողմից ամենօրյա սպառնալիքներ են հնչում, և հրադադարի ամենօրյա խախտումներ են տեղի ունենում:

«Այսօր մենք փորձում ենք մեր միջազգային մասնագետների, ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակիցների օգնությամբ բարձրացնել բոլոր հնարավոր քաղաքական և իրավական հարցերը, գտնել լուծումներ, որոնք հետագայում կարող են առաջանալ նման իրավիճակներում»,-նշեց Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենը՝ ապա ավելացրեց. «Ավելի կոպիտ ասած, եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի: Մենք պետք է մեր զգոնությունը չկորցնենք և պատրաստ լինենք որևէ ագրեսիայի դիմագրավելու»:

Ապա Նվեր Թորոսյանն ասաց, թե Հայաստանը, լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ պետություններից մեկը, ոչ միայն սպառողի դերում է հանդես գալիս, այլ նաև լուրջ առաջարկություններով, լուրջ փոփոխություններով է հանդես եկել ՀԱՊԿ-ում, որոնք ընդունվել են: Որպես իր ասածի օրինակ նա մատնանշեց արագ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ստեղծվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ և այսօր արդյունավետ գործում են: