Մեզ մոտ ձյունը ցնդո՞ւմ է. Հրաչ Բերբերյանի համար կասկածելի է, թե ինչու է տարին հայտարարվել սակավաջրային
«Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը ակնհայտորեն կասկածի տակ է առնում 2014թ. գյուղատնտեսական տարվա՝ սակավաջուր լինելու մասին պաշտոնական հայտարարությունը:
«Էսօր օդերևութաբանական կայանը, ի զարմանս մեզ, հայտարարում է, որ սակավաջուր տարի է, որը միայն Աստծո կամքով կարող էինք իմանալ, թե էս տարին սակավաջո՞ւր է լինելու, թե՝ ոչ, մանավանդ որ օդերևութաբանական կայանը էսօր ասում է՝ շոգ է լինելու, բայց անձրև է գալիս: Իրենք որտեղի՞ց վերցրին, որ սակավաջուր է լինելու: Ուրիշ հարց է, որ ջրամբարները թերի են աշխատել և ջրի կուտակումներ չեն եղել»,- հայտարարեց գյուղատնտեսը:
Նա է՛լ ավելի տարակուսած է, թե ինչպես է նման պատկեր ստացվել, երբ մարտի վերջին Հայաստանի տարածքով առատ ձյուն է տեղացել, անձրևների մասին էլ էլ չասած: «Ես մնում եմ զարմացած, եթե 2 տարի առաջ մեր ջրամբարները լիովին բավարարում էին, էս վերջին 2 տարում ի՞նչ պատահեց, որ չեն լցվում, զարմանքս էլի մեծ է, որ այդ ջրամբարները չեն ուզում լցվեն »,- հեգնեց գյուղատնտեսը:
Հարցին, թե ակնարկում է այն, որ «ջրամբարները չեն ուզում լցվել»-ը պայմանավորված է Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու կառավարության վերջին նախագծերով, Հրաչ Բերբերյանն ի պատասխան միայն շարունակեց. «Ինչ-որ շատ հետաքրքիր տենդենց ա գնում… որ էդ ջուրը գոլորշիանում է, հատուկ ձյուն է գալիս Հայաստանում. ձյունը ցնդում է, սպիրտ կա՞ էդ ձյան մեջ, ցնդում է»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն օրերս ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանից 1 տարի ժամկետով հավելյալ 70 մլն խմ ջուր բաց թողնել։ Նշենք, որ նախագծի սկզբնական տարբերակով նախատեսված էր նշված ծավալով ջուր բաց թողնել 5 տարի շարունակ:
Այն ԱԺ-ում, հիշեցնենք, բուռն քննարկումների տեղիք տվեց, և ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ «ուրիշ վախտ» ընդդիմությունն ասում է՝ «արտագաղթ, բայց հիմա ,եթե գյուղացուն այդ ջուրը չտրվի, արտագաղթի նոր ալիք է լինելու»:
Ինչ վերաբերում է Սերգո Կարապետյանին գյուղատնտեսության նախարարի պաշտոնում վերանշանակելուն, ապա Հրաչ Բերբերյանը նրան 100 օր ժամանակ է տալիս ու առայժմ «պահում» իր կարծիքը:Ասաց, որ եթե գյուղը այս վիճակից հանեն, փառք իրենց, սակայն մատնանշեց, որ Սերգո Կարապետյանը պետք է լուրջ ուշադրություն դարձնի ինչպես ոռոգման ցանցին, այնպես էլ հակակարկտային ծառայությանը: «Էլի էս տարի փոքր տեղերում տեղային կարկուտներ ունեցանք, էլի փաստացի էդ կայանները ժամանակին ծառայություն չիրականացրին»,- ասաց Հրաչ Բերբերյանը:










