Ավստրալիան, Մալայզիան ու Չինաստանը կընդլայնեն անհետացած Boeing-ի որոնման տարածքը
Ավստրալիայի, Մալայզիայի և Չինաստանի իշխանությունները Կանբերայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում որոշել են ոչ միայն շարունակել մոտ 2 ամիս առաջ անհետացած Boeing ինքնաթիռի որոնողական աշխատանքները, այլև ընդլայնել դրանց աշխարհագրությունը։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, նախարարների մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ որոնողական աշխատանքների հաջորդ փուլում կօգտագործվեն ջրատեղորոշիչ և այլ ստորջրյա սարքեր՝ օվկիանոսների խորքային ուսումնասիրությունների համար։
Չինաստանի տրանսպորտի նախարար Յան Չուանտանը հայտնել է, որ Պեկինը պատրաստ է զգալի աջակցություն ցուցաբերել որոնողական օպերացիայի իրականացմանն ու այդ նպատակով տրամադրել 3 նավ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որում գտնվել է 227 ուղևոր և 12 հոգանոց անձնակազմը, անհետացել է մարտի 8-ին՝ Կուալա Լումպուր-Պեկին չվերթի ժամանակ։ Առայսօր դրա բեկորները չեն հայտնաբերվել։










