Բարձրացված բոլոր խնդիրները մնացել են անպատասխան. Բաբկեն Պիպոյանը՝ Արմեն Մովսիսյանի գործունեության մասին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, Tert.am-ի հետ զրույցում գնահատական տալով էներգետիկայի և բնական պաշարների արդեն նախկին նախարար Արմեն Մովսիսյանի գործունեությանը, ասաց, որ ընդհանուր առմամբ՝ չի կարող ասել, թե նրա պաշտոնավարման տարիներին բան չի արվել: «Միգուցե արվել է, բայց, համենայն դեպս, դա այն չի եղել, ինչին սպասել և կարևորել է քաղաքացին: Այն հարցերը, որ բարձրացրել են հասարակական հատվածն ու մամուլը, մնացել են անպատասխան»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նա նշեց, թե ավելի ճիշտ կլինի, որ էներգետիկայի նախկին նախարարն ինքը գնահատական տա իր կատարած աշխատանքին, որովհետև հասարակական հատվածի դժգոհություններն այս ոլորտից երկար տարիներ է՝ կան:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը մեկ տարի է, ինչ գործունեություն է իրականացնում, և այս ընթացքում քանիցս առիթ է ունեցել բարձրաձայնել այնպիսի խնդիրների մասին, որոնք էներգետիկայի նախարարության տիրույթում են:
«Ըստ էության՝ տեսել ենք, որ այս խնդիրները մինչ օրս կան»,-նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը՝ հավելելով. «Որովհետև ամբողջ աշխարհում մոդելը կիրառվում է հետևյալ կերպ. Կառավարությունը մեծ թիմ է, և առանձին նախարարների և որևէ նախարարության ձախողման դեպքում պատասխանատվություն են կրում համապատասխան նախարարը և փոխնախարարը: Իսկ մեր երկրում կոնցեպտն այնպիսին է, որ ամեն ինչի համար կազմն է մեղավոր: Բայց հիմա, ըստ էության, տեսնում ենք, որ վարչապետի փոփոխությունն իր հետ ընդամենը՝ մի քանի նախարարի փոփոխություն բերեց»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ իրականում երկրում կա լուրջ պրոբլեմ, այդ թվում՝ էներգետիկայի նախարարությունում՝ սիրողական մակարդակի մոտեցումն աշխատանքին:










