Ֆրանսիան սպառնում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում ընտրությունների տապալման դեպքում

11:53 • 05.05.14

Եվրամիությունը կանցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փուլին, եթե Ուկրաինայում մայիսի 25-ին նախատեսված նախագահի ընտրությունները տապալվեն: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը:

 

Ֆաբիուսն այդ մասին խոսել է ֆրանսիական ռադիոյով: «Մենք արդեն պատժամիջոցների երկու փուլ ենք ունեցել: Եթե մայիսի 25-ի ընտրությոնները չկայանան, մենք կանցնենք նոր փուլի», - մասնավորապես ասել է պաշտոնյան:

 

Երրորդ փուլը ենթադրում է տնտեսական պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ: Ֆաբիուսն ընդգծել է, որ իրենք այդ կերպ չեն պատերազմում Ռուսաստանի հետ, պարզապես չեն կարող ձեռքները ծալած նստել:

Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին խոսելով՝ Ֆաբիուսն ասել է, որ դա դեռ քաղաքացիական պատերազմ չէ, սակայն մոտ է դրան։

 

Ավելի վաղ ԵՄ-ն վիզային և ֆինանսական պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի 46 քաղաքացիների դեմ: