Սլավյանսկում մարտերը վերսկսվել են. Արսեն Ավակովը հայտնել է երկու կողմից վիրավորների մասին (տարբերակ 3)

12:48 • 05.05.14

14.25 Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Սլավյանսկի ծայրամասում մարտեր են ընթանում, և հայտնել, որ վիրավորներ կան ինչպես ուժայինների շրջանում, այնպես էլ հակառակ կողմում։
ՆԳՆ ղեկավարը նշել է, որ դաշնայնության կողմնակիցները ծանր զենքեր են կիրառում և կրակում են խոշոր տրամաչափի զենքերից՝ օգտագործելով նռնականետներ և այլ տեխնիկա, և հավելել է, որ ուժայինների կողմից վիրավորվել է 8 մարդ։
 

 


13:42 Մարտական գործողությունների ընթացքում Սլավյանսկում վիրավորվել է առնվազն 3 մարդ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, վիրավորներից մեկը տեղի բնակչուհի է, որը վիրավորվել է պատշգամբում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացի զինվորականները վերահսկողություն են սահմանել Սլավյանսկի հեռուստաաշտարակի նկատմամբ։
 

 


12.48 Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի հեռուստաաշտարակի մոտ վերսկսվել են երկրի դաշնայնացման կողմնակիցների և ուժայինների միջև բախումները, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ ուկրաինական ТСН հեռուստաընկերությանը հղումով։

 

Զոհերի և վիրավորների մասին հաստատված տեղեկություններ չկան, սակայն սոցցանցերում տեղեկություն է հայտնվել ռուսամետ ակտիվիստներից մեկի մահվան մասին։

 

Ավելի վաղ «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդել էր Սլավյանսկի մոտ գտնվող բլոկպոստերում իրավիճակի լարվելու մասին, ինչի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։

 

Ուրբաթ առավոտյան Սլավյանսկում ուժային գործողություն էր սկսվել։ Մարտերի ընթացքում կործանվել էր ուկրաինական օդուժի երկու ուղղաթիռ, որոնցից մեկի օդաչուն մահացել է։

 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը «5 канал»-ին տված հարցազրույցում ասել է, որ հակաահաբեկչական գործողությունն Ուկրաինայի արևելքում կշարունակվի և կտա իր արդյունքները։